Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը


Այս երեկո Կարապի լճին հարող տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը:

Փառատոնը, որն անցկացվում է արդեն 5-րդ անգամ, նպատակ ունի հայ արվեստասեր հանրությանը ներկայացնել ոչ կոմերցիոն, որոշակի բարոյահոգեբանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, վարպետության դասեր և, իհարկե, ֆիլմեր, այդ թվում՝ հոգևոր ֆիլմեր:

Մեկնարկին ընդառաջ հրավիրած ասուլիսում փառատոնի կազմակերպիչներից Աննա Կարապետյանն ասաց․ - «Կարապի լճում այսօր տեղի կունենա ֆիլմի դիտումներ, կլինի համերգային ծրագիր, որից հետո փոքր թատրոնում տեղի կունենա: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր հրաշալի հյուրերը, ովքեր մեզ աջակցելով, իրենք էլ գաղափարակից լինելով, եկել են, միացել են փառատոնին, ավելի լայն լիներ փառատոնը, բայց էսպես է: Մուտքն ազատ է լինելու միջոցառումների: Նաև փառատոնը կրում է ներառական մաս, որտեղ մեզ համար կարևոր է, որ սոցիալապես խոցելի խմբերը ներգրավվեն մշակութային, հոգևոր կյանք»:

Կազմակերպիչներից Շահեն Նազարենկոն հավելեց․ - «Բոլորը խոսում են տուրիզմի զարգացման մասին: Ասում են՝ այ տուրիզմն ա պետք զարգացնել: Սա այն մեծ մոդելներից ա, որը կարելի է վերցնել: Մենք երբեք չենք ասել՝ սա մեր փառատոնն ա: Մենք միշտ ասել ենք՝ սա բաց ա, եկեք համագործակցենք»:

Ամեն տարի փառատոնին տարբեր երկրներից ժամանած հյուրեր են մասնակցում: Նրանց մի մասն արդեն մի քանի անգամ է մասնակցել փառատոնին և այսօր շեշտում էին, որ իրենք մեծ հաճույքով են գալիս Հայաստան:

Ուշագրավ է, որ փառատոնի մի հատվածն անցկացվում է այս կամ այն մարզում, որևէ պատմամշակութային հուշահամալիրի տարածքում, որտեղ փառատոնի մասնակիցները մի քանի օր բնակվում են բնության գրկում՝ վրանային ճամբարում:

Այս տարի նրանք կհյուրընկալվեն Տաթևի վանական համալիրում:

Փառատոնի կազմակերպիչներից Աշոտ Գևորգյանն ասաց․ - «Գերխնդիրը փառատոնի բարիություն, հոգևորը և բարոյականը քարոզելն է: Փառատոնի յուրօրինակությունը, որով տարբերվում է մյուսներից, այն է, որ փառատոնը դուրս է գալիս քաղաքից: Միայն բացումն է կատարվում էստեղ, փառատոնի հիմնական մասը և այն, ինչ որ պետք է կատարվի, ես ինքնամաքրում եմ ասում, ինքնամաքրման մասը կատարվում է դրսում: Մարզեր գնալու նպատակը, գերխնդիրը նա է, որ տեղի ժողովուրդը շփվում է, նրանք մշակութային որևիցե մի բանի կարոտ են»:

Փառատոնի կազմակերպիչները շեշտում էին, որ ավելի ընդգրկուն պիտի լիներ այս տարի փառատոնը, բայց հնարավորություններ չստեղծվեցին: Մշակույթի նախարարութունից ստացել են ընդամենը 3 մլն դրամ: Այս տարի հազար հայտից ընգրկել են 28 ֆիլմ 13 երկրներից:

Փառատոնի հյուրերի շարքում են Վրաստանից ժամանած լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, որը կներկայացնի «Փարաջանովի և Թբիլիսիի ֆենոմենը» խորագրով ֆիլմը, Թել Ավիվից լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը վարպետության դասեր կանցկացնի և հանդես կգա դասախոսությամբ: Երուսաղեմից ժամանած Ղևոնդ վարդապետ Հայրապետյանը կներկայացնի վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV-ով»:

«Փառատոնի կարևոր մասը հավատք, հույս, սեր խոսքերն են: Այս փառատոնը տարածում է հավատք, հույս, սեր: Հավատք միայն ոչ թե առ Աստված, հավատք առ այն բանին, ինչ որ դու անում ես, ինչ որ ստեղծում ես, հույս՝ էն, որ պետք է անես, և սերը: Իսկ սերը այն բանն է, որ քեզ չես պահում, սերը միշտ տալիս ես ուրիշին: Եվ այս փառատոնը սա է միայն՝ ոչ թե ստանալ, այլ տալ: Ցույց տալ օտարներին մեր մշակույթը, մեր կյանքը, մեր պատմությունը»:

Տասնօրյա փառատոնին մասնակցվում են ռեժիսորներ, կինոգործիչներ Իտալիայից, Իսպանիայից և այլ եվրոպական երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG