Մատչելիության հղումներ

Մեսսիի թիմի ջախջախիչ պարտությունը


Խորվաթները հաղթեցին արգենտինացիներին, Նիժնի Նովգորոդ, 21 հունիսի, 2018թ.
Խորվաթները հաղթեցին արգենտինացիներին, Նիժնի Նովգորոդ, 21 հունիսի, 2018թ.

Արգենտինացիները ընկճված են, խորվաթները ցնծության մեջ են:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության D խմբում նախօրեին գրանցվել է առաջատար հավակնորդներից մեկի, թերևս, ամենածանր պարտությունը:

Մոլորակի լավագույն ֆուտբոլիստի մրցանակները բազմիցս վաստակած Լիոնել Մեսսիի առաջնորդած Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Խորվաթիայի ընտրանուն:

«Խոսքեր չունեմ, խոսքեր չունեմ, շարունակում ենք խայտառակել մեր երկիրը, ինչ ամոթ է, ֆուտբոլի ղեկավարներն են մեղավոր»,- խաղից հետո ասել է մի հեկեկող արգենտինացի:

«Շատ ոգևորված ենք, չէինք սպասում երեք գոլ այս խաղում, անչափ երջանիկ ենք», Reuters-ին ասել է Խորվաթիայի հավաքականին երկրպագուն:

Հանդիպումից հետո Խորվաթիայի մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, որ ի սկզբանե հավատացել է մարզիկներին:

«Մենք հաղթեցինք մեծ Արգենտինային, որի կազմում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և մենք ֆանտաստիկ խաղացինք: Ամեն ինչ փայլուն էր, բայց հիմա պետք է Աստծուն աղոթենք, որ գլուխներս չկորցնենք, բոլորս մնանք կարգապահ, կազմակերպված, արժանապատիվ և համեստ»,- ասել է Զլատկո Դալիչը:

Թիմի ավագ Լուկա Մոդրիչի համոզմամբ, Խորվաթիան վաստակել է հաղթանակը:

«Կարծում եմ, մենք ամբողջությամբ արժանի էինք այդ արդյունքին: Այն այդպես հեշտ չտրվեց, ինչպես կարող է թվալ: Առաջին գոլն, իհարկե, մրցակցի դարպասապահի սխալի արդյունք էր, դա մեզ շատ օգնեց, բայց մենք կատարյալ խաղ ցույց տվեցինք, կատարյալ խաղ էր պետք այդպիսի մեծ թիմին հաղթելու համար»,- ասել է Մոդրիչը:

Արգենտինայի հավաքականի մարզիչը դաժան պարտության համար ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել:

«Ես եմ ընդունում վերջնական վճիռները, պարտությունն իմ պատասխանատվությունն է, ես եմ մարզիչը: Ես եմ ծրագրել մարտավարությունը, եթե ես այլ կերպ կազմակերպեի՝ ամեն բան կարող էր ուրիշ ձևով լինել, չի կարելի պարտությունը բարդել Կաբալիերոյի վրա»,- ասել է Խորխե Սամպաոլին:

Դարպասապահ Կաբալիերոն երեկ, կարելի է ասել, գոլ նվիրեց մրցակցին, գնդակը պաշտպանին տալու փոխարեն՝ տվեց Ռեբիչին, ով անմիջապես սիրուն հնարքով այն ուղարկեց դարպասը:

Բայց պետք է նշել, որ այդ ողբերգական սխալից առաջ էլ Արգենտինան անկազմակերպ էր, շփոթված, իսկ հանճարեղ Մեսսին, կարծես, չկար: Ավագի ժապավենն ուսին՝ նա վազում էր, փորձում էր ինչ-որ բան անել, սակայն ոչինչ չէր ստացվում:

Ապա Մոդրիչն ու Ռակիտիչը գոլեր խփեցին, և Արգենտինան կրեց ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին փուլում 1958 թվականից ի վեր ամենածանր պարտությունը:

1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի մրցաշարում Արգենտինան 1-6 հաշվով զիջել է Չեխոսլովակիայի հավաքականին:

Խորվաթներն արդեն ապահովել են 1/16-րդ անցնելու ուղեգիրը: Արգենտինան հունիսի 26-ին պարտավոր է հաղթել Նիգերիային, այլապես կզրկվի պայքարը շարունակելու նույնիսկ տեսական հնարավորությունից: Այդ օրը խորվաթները խաղալու են Իսլանդիայի հետ:

Բայց նույնիսկ Մեսսիի թիմի հաղթանակը 1/16-րդ անցնելու երաշխիք չի տալու, պետք է նաև, որ D խմբում մնացած հանդիպումների հաշիվը բարենպաստ լինի արգենտինացիների համար:

Այսօր Երևանի ժամանակով ժամը 7-ին վիկինգները Նիգերիայի հետ են մրցելու: Այս խաղում արգենտինացիների համար գերադասելի արդյունքը ոչ ոքին է:

Բոլոր մեկնաբանները նշում են, որ Արգենտինայի ցուցաբերած խաղը և առայժմ վաստակած ընդամենը մեկ միավորը՝ ծանր հարված է Մեսսիին:

Միայն այդ գերաստղի ջանքերի շնորհիվ է հավաքականը վաստակել Ռուսաստան մեկնելու ուղեգիրը: Հարավային Ամերիկայի առաջնության եզրափակիչում Չիլիին 11-մետրանոցներով պարտվելուց հետո Մեսսին հայտարարել է հավաքականից հեռանալու մասին, սակայն նրան տառացիորեն աղաչել են վերադառնալ:

Նույնիսկ Արգենտինայի պետական այրերն են դիմել Մեսսիին որոշումը վերանայելու խնդրանքով:

Նա համաձայնել է, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Մեսսիի գերմարդկային ջանքերով է ուղեգիր ստացել Аlbiceleste-ն՝ Արգենտինայի ազգային հավաքականը:

Ակնհայտ է, որ 30-ամյա Մեսսին դժվար թե խաղա 2022 թվականի մրցաշարին:

«Բարսելոնայում» Մեսսին հիանալի խաղ է ցույց տալիս: Իսպանական, անգլիական, իտալական ակումբներում արգենտինացիներն առաջատարների դերում են, ինչո՞ւ է թիմն այդքան թույլ սկսել 2018-ի առաջնությունը:

Գուցեև ճիշտ են մեկնաբաններն, ովքեր պնդում են, որ մարզիչ Խորխե Սամպաոլին​ տակտիկական սխալ խնդիրներ է դնում թիմի առանցքային աստղերի առաջ:

Բայց ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում նաև Լիոնել մեսսիի հետ: Գուցե նա պարզապես չի դիմանում այդ գերծանր բեռին, քանի որ գիտի՝ աշխարհն ու Արգենտինան նրանից միայն հանճարեղ խաղ, չգքան գոլեր և հաղթանակներ են պահանջում:

Իսլանդիայի հետ խաղում 11-մետրանոցը չիրականացնելուց հետո Մեսսին հյուրանոցի իր սենյակում փակել է դուռը, ոչ մեկի հետ չի շփվել:

Խորվաթիայի հետ խաղից առաջ տեսախցիկն արձանագրել է Մեսսիի տարօրինակ սևեռված հայացքը, օրհներգի հնչյունների նեքրո՝ նա մազերն էր ուղղում:

Միայն ինքը գիտի, թե ինչի մասին էր մտածում այդ պահին, բայց եթե դա ինչ-որ տխուր բան էր, ապա 90 րոպե անց իրականություն դարձավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG