Մատչելիության հղումներ

Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ է փոշիացվել. դատախազություն


Գլխավաոր դատախազության շենքը Երևանում
Գլխավաոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Ըստ դատախազության, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015-ի նշված ծրագրի շրջանակներում Գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը 0.001 տոկոսադրույքով առանց գրավի 3 միլիարդ 991 միլիոն 584 հազար դրամի բյուջետային վարկ՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, ծրագրի շրջանակներում 2015-ին Գյուղատնտեսության նախարարությունը, առանց շուկայական նվազագույն շահավետ գնի հաշվարկման, նույն մատակարար ՍՊԸ-ին հատկացրել է 2 միլիարդ 138 միլիոն 823 հազար դրամ սուբսիդիա՝ 33.263 տոննա ազոտական պարարտանյութ ձեռքբերելու և հողօգտագործողներին 50 կիլոգրամանոց 1 պարկը 9.215 դրամի փոխարեն 6.000 դրամով մատակարարելու համար: Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ նույն 2015 թվականին այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույն որակի ազոտական պարարտանյութը ներկրվել է նշված մատակարար ՍՊ ընկերությունից էապես ցածր գներով։

«Պարզվել է նաև, որ 2012-2016թթ. ծրագրերն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն՝ չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արդյունքում միայն 2015թ. ազոտական պարարտանյութի մասով պետական բյուջեից անհիմն 1.427.000.000 դրամ ավել փոխհատուցում է տրվել մատակարար ՍՊԸ-ին՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ: Ընդ որում՝ այդ ՍՊԸ-ի պետական բյուջեի նկատմամբ չկատարած վարկային պարտավորությունը մինչ օրս կազմում է 396.682.378 ՀՀ դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG