Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ Արևելյան գործընկերությունը շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ


ԱլԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցները, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Եվրամիության Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այսօր Մինսկում ելույթ ունենալով Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:

«Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու և գործընկեր երկրների միջև վստահությունն և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

Կարևորելով 2017 թվականի բրյուսելյան գագաթնաժողովին ընդունված «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը Եվրամիության, Արևելյան հարևանների և գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է, նախարարը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։

Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նա նաև բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության հետևողական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։

Նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ Մնացականյանը նշել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետևած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները։

Փաշինյանի կառավարությունը «աներեր է» օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների ապահովման հարցում

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին՝ նախարարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել է «Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ»: Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի և ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների և գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության խրախուսմանը։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են»

ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն», - շեշտել է Զոհրաբ Մնացականյանը՝ շարունակելով․ - «Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները»։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն և ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն և բարգավաճ հարևանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձևավորման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG