Մատչելիության հղումներ

Կարեն Աղամյան. «Չեմ ուզում, որ 85-ամյա մաքրագույն պատմություն ունեցող Նկարիչների միությունը հայտնվի ոչ մաքուր ձեռքերում»


Այսօր Նկարչի տան ցուցասրահում կբացվի Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը:

«Ազատության» հետ զրույցում Կարեն Աղամյանն ասաց, որ վերջին տարիներին անհատական ցուցահանդեսներ ունեցել է մի շարք երկրներում, բայց ոչ Հայաստանում․ - «Վերջինը բացվել է սրանից մոտ տասը օր առաջ Ուկրաինայի Վիննիցա քաղաքում: Դրանից մոտ 22 օր առաջ Ֆրանսիայի Դենոն քաղաքում, և այսօր՝ ամսի 22-ին բացվում է իմ անհատականը, որը Հայաստանում չէր եղել 7 տարի»:

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 80 աշխատանքներ․ - «Ի սկզբանե ես որոշել էի, որ ներկայացնելու եմ վերջին 5-7 տարվա աշխատանքները, բայց որոշեցի համեմել ևս մի քանի աշխատանքներով․ անգամ կա 60-ական թվականների, 90-ական թվականների մի քանի աշխատանք: Միայն յուղաներկ աշխատանքներ են»:

Հարցին, թե որտեղ է պահում իր աշխատանքները, Աղամյանն արձագանքեց․ - «Ես ունեմ փոքրիկ արվեստանոց: Դա մեկ սենյականոց բնակարանի տարածք է, և եթե բոլոր աշխատանքները կուտակվում են՝ այն, ինչ որ մնացել է ինձ մոտ, դժվարությամբ եմ քայլում այնտեղ: Բայց ստեղծագործելու հնարավորություն ունեմ»:

Հարցին, թե արդյոք պետություն գնում է իր աշխատանքները, նկարիչը պատասխանեց․ - «Շատ կարևոր հարց եք տալիս: Մենք նախկինում էլ, ապագայում էլ նույնը պետք է անենք, բայց, կարծում եմ, ավելի արդյունավետ պետք է լինի: Օրինակ, մենք առաջարկում էինք միշտ Արցախի պատերազմի հաղթանակի հոբելյանը, անպայման պետք է ստեղծվի հոբելյանական ցուցահանդես, անպայման պետք է մեկ տարի առաջ նախնական էսքիզների, սկետչերի միջոցով լավագույն աշխատանքների հեղինակների հետ պայմանագիր կնքեն ապագա մեծ գործերի համար: Չի արվել ոչ մի անգամ․․․ Ցուցահանդեսները բացել ենք արդեն մեր հնարավորություններով, մեր ուժերով: Այդ պատճառով ցուցահանդեսներում թեմատիկ աշխատանքների քանակը շատ քիչ է լինում, գրեթե չի լինում: Նկարիչները ստեղծում են ինչ-որ կտավներ, և այդ ցուցահանդեսը նվիրում էսինչ ամյակին: Բայց լավագույն տարբերակը նա է, երբ ամբողջ ցուցահանդեսը լիներ թեմատիկ, և լավագույնները թող հետո գնար պատկերասրահ: Պատկերասրահում բազմաթիվ հոյակապ աշխատանքներ կան, որոնք ստեղծված են 60-ականներին, 70-ականներին, 80-ականներին, որոնք եղել են պատվերով: Մեր մեծ նկարիչները, որոնց անունները հիմա հայտնի են, նրանց այն գործերը, որոնք հիմա ցուցասրահում են, հիմնականում եղել են պետության կողմից գնված, իսկ մեծ մասը՝ նախնական պատվերով: Հիմա այդպիսի բան չկա, դրա համար չեն ստեղծվում բազմաֆիգուր կամ բազմակոմպոզիցիոն թեմատիկ աշխատանքներ»:

Անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, որը վերջերս հնչեցնում են մի խումբ նկարիչներ՝ Աղամյանն ասաց․ - «Շատ սովորական եմ վերաբերվում: Արդեն սովորություն է, որ ամեն մի համագումարից մի քանի ամիս առաջ: Հերթական համագումարը նախատեսված էր այս տարվա վերջին: Եվ միշտ նույն խումբը կեղծիքներ տարածելով, վատաբանելով փորձել է շահել ինչ-որ մի բան: Այս անգամ ոչ միայն այդ հին խումբն է, այլև, մենք տեսանք ինչպիսի դրական արդյունք տվեց երիտասարդների շարժումը, և, դժբախտաբար, որոշ երիտասարդներ, այն էլ ոչ միայն միության անդամներ․․․ Մենք կշարժվենք ըստ կանոնադրության: Հիմա սպառնալիքներ եմ լսում իմ նկատմամբ: Ես այս տարի մտածում էի, որ չորս անգամ ընտրվել եմ և՝ շատ մեծ ձայների առավելությամբ, բայց մտածում էի, թող ուրիշ սերունդն էլ առաջ գա, և գիտեի մոտավորապես որ կազմը դա կարող է անել: Կարող է և չդնեմ թեկնածությունս: Կմտածեմ դեռ: Ինչպես կզարգանան իրավիճակները: Ես չեմ ուզում, որ այս միությունը, 85-ամյա մաքրագույն պատմություն ունեցող այս կառույցը հանկարծ հայտնվի ոչ մաքուր ձեռքերում: Այնպես, ինչպես եղել է 90-ական թվականների կեսերին, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր ունեցվածքի 80 տոկոսը․․․ Ես չեմ ուզենա, որ հանկարծ նույնը կրկնվի»:

XS
SM
MD
LG