Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է Ռեաբիլիտացիայի հարցով հանձնաժողով ստեղծել


«Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը առաջարկում է ստեղծել Ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով:

«Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաև հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը և լույս սփռելու նրա մութ էջերի վրա», - ասված է կուսակցության այսօրվա հաղորդագրությունում:

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը հայտնի է ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի ու պետականաշինության որոշակի հաջողություններով, այլև այնպիսի լրջագույն բացթողումներով, ինչպիսիք են ազատ կամարտահայտության և քաղաքական խոսքի ազատության նկատմամբ թույլ տրված կոպիտ ոտնահարումներն ու բռնությունները: Նախորդ իշխանության բոլոր ժամանակահատվածներում ՀՀ-ում եղել են քաղաքական հալածյալներ, ովքեր հետապնդման են ենթարկվել բացառապես իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների համար: Հետապնդումներից անմասն չեն մնացել նաև զանգվածային լրատվամիջոցները, որոնք հալածանքների են ենթարկվել անաչառ տեղեկատվություն տարածելու իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու համար», - ընդգծում է «Ժառանգություն»-ը՝ «շատ ցանկալի» համարելով, որ «նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված անարդարությունների, կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան, որի հիմքերն այսօր հաջողությամբ դրվում են»:

Կուսակցությունն առաջարկում է Հայաստանի վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց և կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: «Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել և կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաև ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG