Մատչելիության հղումներ

Instagram-ի նոր հավելվածը պետք է գրավի երիտասարդներին


Instagram-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Քևին Սիսթրոմ, արխիվ

Facebook-ին պատկանող Instagram սոցիալական ցանցը, որն օգտատերերին ընձեռում է տեսագրություններ և լուսանկարներ տեղադրելու և փոխանակելու հնարավորություն, մեղմում է սահմանափակումները տեսահոլովակների տևողության վերաբերյալ: Instagram-ը կարտոնի առավել երկար հոլովակների տեղադրում: Դրա համար կիրառվելու է IGTV (Instagram Television) հավելվածը:

Հետայսու շարքային օգտատերը կարող է մեկից մինչև տասը րոպե տևողությամբ հոլովակ տեղադրել, իսկ մեծ լսարան ունեցողները՝ մինչև մեկ ժամ: Այդ մասին Սան Ֆրանցիսկոյում հաղորդել է ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Քևին Սիսթրոմը:

«Մենք ստեղծել ենք միանգամայն նոր բան, ուզո՞ւմ եք իմանալ ինչ է՝ անվանել ենք IGTV: Մենք վերակազմել ենք բջջային հեռախոսի վիդեոյի հնարավորությունը և ուզում ենք այդ մասին ձեզ տեղեկացնել: IGTV-ն հավելված է, որը ձեզ թույլ կտա հեռախոսով ձեր նախընտրած աղբյուրներից դիտել երկար տևողությամբ ուղղահայաց էկրանով վիդեոներ», - ասել է Սիսթրոմը:

Այդպիսով Instagram-ը ցանկանում է առաջ անցնել YouTube-ից երիտասարդ օգտատերերին գրավելու համար թեժ պայքարում:

Թվային տեխնոլոգիաների ասպարեզում աշխատող վերլուծաբանները նշում են, որ նախևառաջ պատանի և երիտասարդ օգտատերերի սերունդն է նախապատվությունը տալիս բջջային հավելվածներին:

Այսօրվա դրությամբ Instagram-ի օգտատերերի թիվը հասել է մեկ միլիարդի: YouTube-ը ունի մոտ 1 միլիարդ 800 միլիոն օգտատեր:

Google ընկերությունը 12 տարի առաջ 1 միլիարդ 760 միլիոն դոլարով գնել է YouTube-ի բաժնետոմսերը: Facebook-ն էլ ինն ամիս առաջ մեկ միլիարդով գնել է Instagram-ի բաժնետոմսերը:

Այդպիսով, երկու հսկաներն իրենց ենթակա նույնքան հսկա ընկերությունների ջանքերով շարունակում են կատաղի մրցակցությունը:

Ի դեպ, Instagram-ն արդեն ունի նոր հավելվածներ, որոնք միջոցով օգտատերը կարող է անմիջապես գնումներ կատարել Adidas-ից, Louis Vuitton-ից, Aritzia-ից և մի շարք այլ բրենդային խանութներից, հետևաբար՝ Instagram-ը ստանում է գովազդի շահավետ հնարավորություն:

«Ազատություն»-ն էլ ունի իր էջն Instagram-ում: Այն հեռախոսով դիտելու համար պետք է ներբեռնել հավելվածը՝ IGTV-ն, և որոնել azatutyuntv էջը:

XS
SM
MD
LG