Մատչելիության հղումներ

Զեյնալյանը Ֆրանսիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի և այլ պաշտոնյաների, ՄԻԵԴ նախագահի հետ


Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ հանդիպմանը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ դրանք պետք է հիմնված լինեն Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ կարևորելով Եվրախորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:

Նույն օրն Զեյնալյանը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ:

Զեյնալյանը և Ռայմոնդին անդրադարձել են ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: ԵԽ մյուս պաշտոնյաների հետ նախարարի քննարկումները ծավալվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG