Մատչելիության հղումներ

Գալիք հուլիսին հնարավոր է կայանա Թրամփ - Պուտին հանդիպումը


.
.

Ամերիկյան և ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների երրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ գալիք հուլիսին Ավստրիայում:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը, մասնավորապես, հղում անելով Վաշինգտոնում իր աղբյուրին, այսօր գրել է, թե եկող շաբաթ Մոսկվա է ժամանելու նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթընը՝ նախապատրաստելու երկու երկրների առաջնորդների հանդիպումը:

Կրեմլը այսօր հաստատել է Բոլթընի այցի մասին տեղեկությունը: Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Որքան մենք գիտենք, այդպիսի այցելություն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա»:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը հայտարարել է․ - «Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ շփումներին: Եթե բարձր մակարդակի հանդիպման համաձայնություն ձեռք բերվի, այդ մասին կհայտարարվի»:

Վերիջն շրջանում ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարություններով:

«Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվայում հետահայաց նայում են անցյալին և ասում՝ մեզ համար ավելի լավ կլիներ, եթե նախագահական ընտրություններում հաղթեր Հիլարի Քլինթոնը», - երեկ ասել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը նաև ասել էր, թե կուզենար, որ Ռուսաստանը վերադառնար Մեծ Ութնյակ: Իսկ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովներից մեկում, ըստ արևմտյան մամուլի, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, քանի որ «այնտեղ բոլորը խոսում են ռուսերեն»:

ԱՄՆ պետդեպարտամենտը այս հայտարարությունից հետո հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, Միացյալ Նահանգներն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան Ղրիմը չի վերադարձրել Կիևին:

Արևմտյան մամուլը գրում է, թե Թրամփ - Պուտին երրորդ հանդիպումը կարող է կայանալ հուլիսի կեսերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին կամ գագաթնաժողովից հետո: Հանդիպման հավանական վայրը Ավստրիան է:

Թե երբ կկայանա հանդիպումը՝ գագաթնաժողովից առա՞ջ, թե՞ հետո, սկզբունքային է, օրինակ, Մեծ Բրիտանիայի համար, քանի որ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովից հետո նախատեսված է Թրամփի այցը Լոնդոն:

The Times-ը գրել է, թե Լոնդոնում անհանգստացած են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման կապակցությամբ: Հղում անելով իր բրիտանացի բարձրաստիճան աղբյուրին՝ թերթը գրում է, որ պաշտոնական Լոնդոնի համար հատկապես ցանկալի չէ Թրամփի հանդիպումը Պուտինի հետ մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ու Մեծ Բրիտանիա նախատեսված այցը:

Նշված գագաթնաժողովում քննարկվելու են ռուսաստանյան ագրեսիան զսպելու հետ կապված հարցեր:

The Times-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության իր աղբյուրին, գրում է․ - «Ակնհայտ է, որ մեզ համար նախընտրելի կլիներ, որ Պուտինի հետ Թրամփը հանդիպեր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո: Գագաթնաժողովին մենք քննարկելու ենք Ռուսաստանը զսպելու նոր միջոցները հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG