Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ շարունակում է խորությամբ ուսումնասիրել Վերահսկիչ պալատի կողմից Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկերի կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում իրականացված՝ 2016-2017 թվականների ընթացքում պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական քրեական գործը:
«Մասնավորապես՝ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների մի շարք սեփականատերեր, այդ թվում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք հանդիսանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների սուբյեկտ, խաբեության եղանակով խուսափելու համար վճարել վարչական տուգանքները, ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ խախտումները կատարվել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 89 ֆիզիկական անձանց կողմից: Ելնելով այս տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցներն ավելի քան 40 հազար խախտումների համար նշանակված տուգանքների գումարները, որը կազմում է 375 միլիոն 527 հազար 825 ՀՀ դրամ, արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այդ խախտումների համար վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով», - ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում: - «Նշված բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս»:
Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, ինչպես նաև ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»), և 315-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):
Նշված ուսումնասիրության արդյունքում սա հանցագործությունների նույն հատկանիշներով Գլխավոր դատախազությունում հարուցվող վեցերորդ քրեական գործն է: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել և քննվում են ևս 5 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 231 միլիոն դրամ:
Հարուցված բոլոր քրեական գործերով՝ պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր ավելի քան 606 միլիոն դրամ: