Մատչելիության հղումներ

Ռուսական բանտում հացադուլի մեջ գտնվող ուկրաինացի ռեժիսորի վիճակը մտահոգում է ՄԻԵԴ-ին, ԵԽ-ին


Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի զինվորական դատարանում, 21-ը հուլիսի, 2018թ․
Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի զինվորական դատարանում, 21-ը հուլիսի, 2018թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանից պահանջում է արդեն 39-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի առողջական վիճակի մասին ամբողջական տվյալներ ներկայացնել:

Ռեժիսորին ներում շնորհելու խնդրանքով պատրաստ է հայտարարություն անել նաև Եվրոպայի խորհուրդը:

Միևնույն ժամանակ, Ստրասբուրգի դատարանը կոչ է անում Օլեգ Սենցովին դադարեցնել հացադուլը:

Ուկրաինացի ռեժիսորը Յամալի կալանավայրում է, նա դատապարտվել է ահաբեկչության հոդվածով 20 տարվա ազատազրկման, սակայն չի ընդունում իր մեղքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սենցովին ազատ արձակելու խնդրանքով դիմել են նաև ռուսաստանցի մի շարք իրավապաշտպաններ և մտավորականներ:

Օլեգ Սենցովը հացադուլ է հայտարարել Ռուսաստանի բանտերում գտնվող Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու պահանջով:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան, մինչդեռ, հայտարարել է, որ իրեն ամեն օր զեկուցում են ուկրաինացի ռեժիսորի առողջական վիճակի մասին, և Սենցովը բժշկական ճանապարհով ամեն օր անհրաժեշտ սնունդ է ստանում: Ռեժիսորի առողջական վիճակը Մոսկալկովան երեկ քննարկել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Թորբյորն Յագլանդի հետ: Յագլանդը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Սենցովին ազատ արձակելու խնդրանքով պատրաստ է նաև պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օրերս հայտարարել էր, որ ներման համար, ընդունված ընթացակարգի համաձայն, Պուտինին պետք է դիմի անձամբ Սենցովը:

Հավելենք՝ նախօրեին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև: Թե ինչ են խոսել Վլադիմիր Պուտինը և Պետրո Պորոշենկոն, հայտնի չէ, հայտնի է միայն, որ նրանք քննարկել են նաև Օլեգ Սենցովի ճակատագիրը:

Ուկրաինացի ռեժիսորին իրավապաշտպանները և Արևմուտքը համարում են քաղբանտարկյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG