Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է «Զիբիլիքս» անունը ստացած գործի քննությունը:

Անցած տարի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Ընդ որում, «Ելք»-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, և թե որը քանի ձայն է բերելու:

«Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը դեռ 2017-ի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Ելք»-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը և այս ամսվա սկզբին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար:

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը սպասելի էր համարում գործի վերսկսումը, քանի որ, ըստ պատգամավորի՝ քննությունը ձևական էր եղել և ապօրինի որոշում էր կայացվել։

«ՀՔԾ ղեկավարությունը փոխվել է, հենց պետը, և ես կարծում եմ՝ քաղաքական հովանավորչություն չի արվի ընտրությունների ժամանակ այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղված էին փող բաժանելով, մարդկանց տներ գնալով», ֊ ասել էր Մարուքյանը։ ֊ «Ես հույս ունեմ, որ և՛ այն մարդիկ, ովքեր ոստիկանությունից Տարոն Մարգարյանի շտաբ ֆաքս էին ուղարկում, փող բաժանողները, էդ մարդիկ էս քրգործում պետք է ձերբակալվեն»։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ «հաշվի առնելով, որ նշված քրեական գործով քննությունը թերի է կատարվել և մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ քննության ընթացքում չեն պարզաբանվել, ուստի նախաքննությունը վերսկսվել է և սպասվում են մեծածավալ հարցաքննություններ։ Դեռևս կասկածյալներ և մեղադրյալներ չկան։ Մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով «Զիբիլիքս»-ի վերաբացումը կապված է քաղաքական փոփոխությունների հետ։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք իրավապահ մարմինները կաշկանդված էին իշխանության շահերով, ապա այժմ նրանց որևէ հրահանգ տվող չկա և իրավապահները կարող են գործել միմիայն օրենքի հիման վրա. ֊ «Մինչ այս, չնայած բազմաթիվ ահազանգերի, երբ չես իրականացնում քննություն, ելնելով Հանրապետական իշխանության շահերից ելնելով, հիմա չկա այդպիսի հակասություն, իշխանությունը շահագրգռված է արդարադատության իրականացմամբ, արդարության հաստատմամբ»։

Այս գործի շրջանակում քննվում էր նաև «Հայկական ժամանակ»-ի լրագրողներ Տիրայր Մուրադյանի և Տաթև Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպը: Տիրայր Մուրադյանն «Ազատության» ասաց՝ Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք բաժանելու ահազանգ էին ստացել և գործընկերոջ հետ այդ նպատակով այցելել էին շտաբ, որտեղ իրենց նկատմամբ շտաբի աշխատակիցները բռնություն են կիրառել։ Ասում է՝ հետաքրքի է, թե Հատուկ քննչական ծառայությունը իրավական ի՞նչ հիմքեր է գտնելու, որպեսզի հերքի իր նախորդ իրավական գնահատականը. ֊ «Երբ որ մենք մտել ենք ընտրական շտաբ, իրենց պնդմամբ էնտեղ տեղի չի ունեցել քարոզչական աշխատանք, իրենց առօրյա աշխատանքն են արել, ու երբ մեզ ասել են՝ դուրս եկեք, մենք պետք է արագ դուրս գայինք։ Իսկ ոչի՞նչ, որ օրինակ իրենք էդտեղ բռնություն են գործադրել»։

Լրագրողը կարծում է՝ այս անգամ գործի արդար քննություն կկատարվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG