Մատչելիության հղումներ

«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար»․ Զաքիր Հասանով


Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք «ի վիճակի են ոչնչացնել հակառակորդի տարածքի խորքում գտնվող օդային և ցամաքային թիրախները»: Այսօր այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարար Հասանովը նաև նշել է, որ հունիսի 26-ին նախատեսված զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Այսօր Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հայտարարել է, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին:

«Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»:

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, վերջին օրերին հայտարարել է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է, ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես ադրբեջանական տարածքում:

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև ասել է, թե բացի Նախիջևանի սահմանին հողատարածք «ազատագրելուց», ադրբեջանական զինված ուժերն այժմ «կարողանում են վերահսկել նաև Լաչին տանող ճանապարհը»: «Դա տակտիկապես կարևոր գործողություն էր, որն իրականացվել է մեր բանակի կողմից, և ես գոհ եմ արդյունքներից: Մենք վերահսկողության տակ վերցրինք Լաչին տանող ճանապարհը»,- Հասանովի այս խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններին, շնորհավորել է վերջինիս «սեփական տարածքում հողերի «ազատագրման» կապակցությամբ»:

Մինչ պաշտոնական Երևանը հեգնում է ադրբեջանական բանակի ձեռքբերումների մասին պնդումները, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն ազդարարում է փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ծրագրի մասին:

«Մեծ վերադարձ»՝ այսպես է կոչվում Ադրբեջանի կառավարության մշակած «համակողմանի ծրագիրը», որով նախատեսվում է ադրբեջանցի փախստականներին կամավոր հիմունքներով վերադարձնել «հարազատ վայրեր»: Այս մասին այսօր հայտնել է ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Վերջինս, սակայն, հստակ ժամկետներ չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG