Մատչելիության հղումներ

Կուտակային համակարգի մասին օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումները, բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին դրան, բացառությամբ ՀՅԴ-ի։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնել ենք, նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է՝ նախկինի հետ համեմատած՝ բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Կառավարության մաս կազմող, սակայն կառավարության առաջարկած նախագծին ձեռնպահ քվեարկած ՀՅԴ խմբակցության ղեկավարը մեկնաբանեց` իրենց համար անընդունելի է առանց ներկայի սոցիալական խնդիրները լուծելու ստիպել քաղաքացուն կուտակել ապագայի համար․ - «Դա խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթարում է սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»:

2014 թվականից բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, որոնք հայտարարեցին՝ կողմ են քվեարկում ժամանակավոր լուծմանը, իսկ հետագայում կմասնակցեն օրենքի բարելավմանը։

«Պարտադիր կուտակայինի էջը փակված չէ, այդ իսկ պատճառով, որ կա բարելավում՝ մենք նույնպես կողմ ենք քվեարկելու», - հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հստակ պայման առաջ քաշեց՝ պետք է հետագայում սկսել քննարկումներ պարտադիրը հանելու շուրջ․ - «Մեր սկզբունքային դիրքորոշումը մենք չենք փոխել, այդուհանդերձ՝ ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն երիտասարդների, ովքեր վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կքվեարկենք կողմ, պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք մեր քննարկումները»:

Ժամանակին կուտակայինը խիստ քննադատած վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Սինոփսիս» ընկերությունում ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր կառավարության առաջարկած լուծումը ժամանակավոր է և առաջիկա ամիսների կառավարության խնդիրն է հանդարտ, աշխատանքային պայմաններում քննարկել հարցը:

Ընկերության աշխատակից, «Դեմ եմ» շարժման անգամ Սերգեյ Ղահրամանյանը ներկա էր երեկվա հանդիպմանը, ասում է՝ պատրաստ են մասնակցել Փաշինյանի խոստացած քննարկումներին․ - «Քաղաքացիների մոտ ցանկություն կար կրկին ցույցեր անել, բայց քանի դեռ վարչապետը ասում է, որ ինքը ևս դեմ է և պատրաստվում է փոփոխությունների, կարծում եմ՝ կարելի է համբերել որոշակի ժամանակով և շաբաթների ընթացքում այդ հարցերը կարելի է լուծել»:

Նախագիծն ամբողջությամբ ընդունվելու դեպքում հուլիսի 1-ից արդեն 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները կուտակային համակարգին կտրամադրեն իրենց եկամուտների 2.5 տոկոսը, պետությունը կմասնակցի 7.5 տոկոսի չափով՝ նախկին կառավարությունների առաջարկած 5 տոկոս քաղաքացու գրպանից, 5 պետության բյուջեից դրույքաչափի փոխարեն։ Ընդհանուր առմամբ այլ փոփոխություններ Փաշինյանի կառավարությունը դեռևս չի առաջարկել։

«Դեմ եմ»-ի անդամները մտավախություն ունեն, որ թեև փոխվել է իշխանությունը, բայց չեն փոխվել այդ իշխանությունների խորհրդատուները կենսաթոշակայինի հարցով։ - «Բնականաբար՝ վստահություն կա իշխանության և կառավարության նկատմամբ, բայց երբ որ ասում են մասնագետներ՝ դա Կենտրոնական բանկի մասնագետներ նկատի ունեն, որոնք նախկինում էլ եղել են և կարծես համարյա թե չեն փոփոխվել ներկայումս: Եվ այդ մասնագետները, որոնք իրենց կարծիքները ժամանակի ընթացքում չեն փոխել և մնացել են նույն կարծրատիպերի մեջ», - ասում է Սերգեյ Ղահրամանյանը:

Կուտակայինին դեմ հանդես եկողների հաջորդ մտավախությունն այն է, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից, որը այդ երկրում մինչ օրս բողոքի ցույցերի պատճառ է դառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG