Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ. գլխավոր դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:

Ըստ հաղորդագրության, նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ:

«Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 74.437.600 դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.560.000 դրամը», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ դատախազության, վերը նշված գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձևական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու և յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG