Մատչելիության հղումներ

Նավալնին բոլորին կոչ է անում մասնակցել կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման դեմ ցույցերին


Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայրենակիցներին կոչ է անում հուլիսի 1-ին փողոց դուրս գալ՝ միանալու կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու՝ կառավարության մտադրության դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներին: «Կողոպուտ և հանցագործություն քաղաքացիների նկատմամբ»: Այսպես է բնութագրում ռուս ընդդիմադիրը Դմիտրի Մեդվեդևի կառավարության հերթական աղմկահարույց նախաձեռնությունը, որով առաջարկվում է 2019 թվականից աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը:

Ըստ օրինագծի՝ մինչև 2028 թվականը տղամարդկանց համար այդ շեմը 60 տարեկանից կհասցվի 65-ի, իսկ կանանց պարագայում մինչև 2034 թվականը կենսաթոշակային տարիքի շեմը 55-ից կհասցվի 63-ի:

Ընդդիմախոսները, հղում անելով վիճակագրությանը, պնդում են՝ ռուսաստանցիներից շատերը, բնակչության մոտ երկու հինգերորդը, չեն էլ հասնում այդ տարիքին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսաստանցի տղամարդկանց մոտ 57 տոկոսը մահանում է մինչև 65 տարեկան դառնալը:

«Կենսաթոշակային տարիքի շեմն ավելացնելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշումն իսկական հանցագործություն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց կողոպուտ»,- հայտարարել է Նավալնին՝ բոլորին կոչ անելով փողոց դուրս գալ, անկախ տարիքից, քաղաքական հայացքներից և նախասիրություններից: «Մեզ համար կարևոր չէ, թե ում օգտին եք երեկ քվեարկել: Դուրս եկեք փողոց հիմա, այլապես վաղը մինչև թոշակի տարիքը չեք ապրի»,- ասել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Կառավարության այս նախաձեռնությունը Ռուսաստանում բուռն քննարկումների տեղիք է տվել, առաջ բերել լուրջ մտահոգություններ: Վերջին օրերին անցկացված մի քանի սոցհարցումների արդյունքները փաստում են, որ ռուսաստանցիների ավելի քան 90 տոկոսը կտրականապես դեմ է կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելուն: Շուրջ 2 միլիոն քաղաքացի խնդրագիր է ստորագրել՝ կառավարությունից պահանջելով հրաժարվել այդ մտադրությունից:

Ինքը՝ Վլադիմիր Պուտինը դեռևս 2005 թվականին հայտարարել էր, թե դեմ է այդ շեմի բարձրացմանը, և որ իր նախագահության օրոք չի գնա նման քայլի: Այսօր էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե նախագիծը մշակվում է առանց նախագահի մասնակցության: Ընդդիմախոսների խոսքով, դա անհնար է անգամ պատկերացնելը:

Թոշակի անցնելու տարիքային շեմն ավելացնելու՝ կառավարության նախաձեռնությունն այն քայլերից մեկն է, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է կատարել՝ նախագահ Պուտինի «մայիսյան հրամանագիրը» իրագործելու համար: Ըստ այդմ՝ նա պահանջել է 8 տրիլիոն ռուբլով մեծացնել պետության ծախսերը: Ակնկալվում է, որ կենսաթոշակային «բարեփոխմամբ», բյուջեն կարող է համալրվել երկու տրիլիոն ռուբլով:

Փորձագետներն արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հարկադրված են գնում այդ քայլին, քանի որ տնտեսության վիճակը վատթարացել է, և դրանում, մասնավորապես, զգալի դեր են ունեցել արևմտյան պատժամիջոցները: Պետության համար օրեցոր բարդանում է սոցիալական պարտավորությունների կատարումը նաև Սիրայում և Ուկրաինայում ընթացող պատերազմների պատճառով:

Մինչդեռ ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները կենսաթոշակային համակարգի այդ փոփոխությունները ներկայացնում են որպես «թարմ և ռացիոնալ» առաջարկություն՝ իբրև թե Ռուսաստանում սկսել են ավելի երկար ապրել, պոտենցիալ թոշակառուների մոտ էլ եռանդի և աշխատելու ցանկության պակաս չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG