Մատչելիության հղումներ

Թուրքական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել սիրիական Մանբիջի շրջան


Ամերիկացի զինվորականները Մանբիջի մատույցներում, արխիվ
Ամերիկացի զինվորականները Մանբիջի մատույցներում, արխիվ

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ պաշտոնական Անկարան ազդարդարում է` Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շուրջ ծագաժ ճգնաժամը հանգուցալուծված է: Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ քաղաքի մատույցներում տեղակայվել են թուրքական բանակի ստորաբաժնումներ:

«Ի՞նչ էինք մենք ասում: Ահաբեկիչները լքելու են Մանբիջը: Եվ նրանք արդեն իսկ լքում են այդ քաղաքը: Այժմ մեր ուժերը սկսել են պարեկային ծառայություն իրականացնել Մանբիջի շրջանում: Ի՞նչու դա տեղ ունեցավ: Որովհետև մենք շատ լավ ենք պատկերացնում, թե ինչ քայլերի է պետք դիմել և ունենք այդ քայլերին դիմելու իրավունքը»,- Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում երկուշաբթի օրը կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշենք, որ Մանբիջի խնդիրը պաշտոնական Անկարայի համար առանցքային նշանակություն ունի: 80 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը մի քանի տարի շարունակ գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո` վերածվելով Թուրքիայից դեպի Սիրիա անցնող զինյալների գլխավոր թիկունքային կենտրոններից մեկին: 2016 թվականի օգոստոսին քրդական ուժերը դուրս մղեցին իսլամիստներին այս շրջանից, իսկ հետագայում Մանբիջում տեղակայվեցին նաև ամերիկացի հատուկջոկատայինները: Պաշտոնական Անկարան շարունակաբար պնդում էր, որ Մանբիջում գտնվող քրդական ուժերը պետք է դուրս բերվեն, քանի որ դրանք Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են ներկայացնում:

Սիրիայի զինված ընդդիմությանը միավորող «Ազատ սիրիական բանակի» տվյալներով՝ թուրքական բանակի տանկային շարասյուները երեկ են մուտք գործել Մանբիջի մերձակայք` ռազմական ուղղաթիռների օդային ուղեկցությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի պնդմամբ՝ թուրքական ստորաբաժանումներն առայժմ գտնվում են Մանբիջի արվարձաններում և մուտք չեն գործել քաղաքի կենտրոնական հատված:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով էլ՝ Մանբիջի մերձակայքում գտնվող թուրքական ստորաբաժանումներն այժմ աշխատում են այդ շրջանում տեղակայված ամերիկացի զինվորականների հետ` քրդական ուժերին վերջնականապես հեռացնելու շուրջ:

Ընտրություններից հաշված օրեր առաջ մեկնարկած Մանբիջի գործողությունը կարող է դառնալ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության գլխավոր քարոզչական հաղթաթղերից մեկը: Պետք է նկատել, որ քրդական խնդիրը գնալով ավելի ու ավելի ակտիվ տեղ է զբաղեցնում Թուրքիայի նախընտրական արշավի օրակարգում: Թուրք սոցիոլոգների իրականացրած վերջին հետազոտությունների համաձայն՝ եթե քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը» հաղթահարի 10 տոկոսի շեմը և առանձին խմբակցություն ձևավորի, ապա Էրդողանի կուսակցությունը և նրան միացած ազգայնականները չեն կարողանա հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնություն ձևավորել:

Այս ֆոնին պատահական չէ,որ անցած շաբաթավերջին համացանցում հայտնվեց Էրդողանի և նրա կուսակիցների հանդիպման հեռախոսով արված տեսագրությունը, որում Թուրքիայի նախագահը կոչ էր անում անել հնարավորը` քրդամետ կուսակցության մուտքը խորհրդարան կանխելու համար:

«Ժողովդրա-դեմոկրատական» կուսակցության հանդեպ մենք միանգամայն այլ մոտցում պետք է որգդեգրենք: Ես չեմ կարող այս մասին փողոցներում բացահայտ խոսել, սակայն այստեղ, փակ դռների ետևում, դա հնարավոր է: Եթե «Ժողովդրա-դեմոկրատական» կուսակցությունը չկարողանա հաղթահարել 10 տոկոսի շեմը` մենք շատ ավելի լավ վիճակում ենք լինելու»,- հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG