Մատչելիության հղումներ

Սարչապետի դպրոցը ողողված է գեներալ Գրիգորյանի նկարներով․ «Ի՞նչ գիտեինք, որ հերոսը թալանչի է»


Սարչապետի դպրոցի դասասենյակներից մեկում

Լոռու մարզի Սարչապետ գյուղի դպրոցի միջանցքների ու դասասենյակների պատերին գեներալ Մանվել Գրիգորյանի բազմաթիվ լուսանկարներ են փակցված՝ որպես «Արցախի հերոս», ԵԿՄ նախագահ և այլն։ Առանձին դասասենյակների պատերին նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, բանակի որոշ գեներալների նկարներն են կախված։

Դպրոցի երկարամյա տնօրեն Համլետ Դավթյանն ասում է՝ վերադասից մեկուկես տարի առաջ ստացված պահանջն են «սրբորեն կատարել»՝ ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում։ Հենց այդ ժամանակ էր, որ դպրոցին պարտադրեցին ունենալ «երկրապահ կամավորականների առանձին կաբինետ»։ Պատմության դասասենյակում, որը ծառայում է նաև որպես երկրապահի դասարան, պատերը ծածկված են ամենատարբեր լուսանկարներով: Գրատախտակի վերևում, հենց աշակերտական նստարանների դեմ-դիմաց, Վազգեն Սարգսյանի և Մանվել Գրիգորյանի մեծադիր նկարներն են։

«Պատանի երկրապահի կաբինետում սպարապետի նկարը պետք է լինի, արդեն հասկանալի է: Բայց մենք վաղը աշխատանքի ժամին երևի հանենք: Ինչպես որ երբ Սերժը հրաժարական տվեց, մենք հանեցինք նաև նրա նկարները»,- ասում է տնօրենը։ Դպրոցի զինղեկ Ֆելիքս Թորոսյանը տարիներ շարունակ աշակերտներին ռազմագիտություն է դասավանդել՝ ներկայացնելով Հայաստանի ու Ղարաբաղի հերոսներին՝ «որպես լավագույն օրինակ»։

«Մանվել Գրիգորյանի նկարն էլ կա էստեղ, ինքը Արցախի հերոս է, բայց դե մենք շա՞տ գիտեինք, թե հերոսը թալանով է զբաղվում։ Ի՞նչ գիտեինք։ Ինքը հայրենասեր մարդ չի, ինքն արժանի չի պատգամավորի, գլխավոր հրամանատարի կամ էլ գեներալի աստիճանին, որովհետև ո՞նց կարող է երեխայի ուղարկածն իր տանը հայտնաբերեն։ Ինձ համար անակնկալ էր, ես չէի սպասում, ո՞նց կարող է նման բան լինել»,- զարմանում էր զինղեկը։

Հերոսի կոչում շնորհելու ամեն փաստի հետ Սարչապետի դպրոցի դասասենյակներում ավելացել է լուսանկարների թիվը։ Տնօրենն ասում է՝ տարբեր կերպ են ձեռք բերել այդ լուսանկարները․ «Մենք պլակատներ ստանում ենք կրթության վարչությունից, գնում ենք խանութներից, պատվիրում ենք, բերում են, դպրոցի բյուջեի հաշվին»։

Զինղեկն էլ ասում է, թե սեպտեմբերից նկարների մեծ մասը կհանեն։ Ուրախությամբ նշում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներ կախելու նախկին պահանջներից ազատվել են․ «էլ նկարներ չեն լինելու, որովհետև մեր թանկարժեք վարչապետը հայտարարեց՝ ոչ մի նկար, ոչ մի տեղ։ Ուրախ եմ դրա համար»։

Մինչդեռ տնօրեն Համլետ Դավթյանը նախընտրում է հաշվի առնել անմեղության կանխավարկածը։ Նախկին փորձից ելնելով էլ, ասում է՝ ավելի լավ է հերոսներին իրենց պատվավոր տեղերից իջեցնելու հարցում մի փոքր սպասել․ «Կարող ա վաղը արդարացվում են ․․․ այնպես որ, բերենք չշտապենք, հա՞»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG