Մատչելիության հղումներ

Նավալնին թոշակի տարիքը բարձրացնելու դեմ ցույցեր է ծրագրում


Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ողջունում է աջակիցներին կալանավայրից դուրս գալուց հետո, Մոսկվա, 14-ը հունիսի, 2018թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ծրագրում է հուլիսի 1-ին կազմակերպել երթեր և բողոք հայտնել թոշակի անցնելու տարիքն ավելացնելու կառավարության որոշման դեմ:

Նավալնին այդ որոշումը «կողոպուտ և քաղաքացիների դեմ հանցագործություն» է անվանել:

«Թոշակի տարիքն ավելացնելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշումն իսկական հանցագործություն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց կողոպուտ», - հայտարարել է Նավալնին:

Նա ասել է, որ իր աջակիցները 20 քաղաքներում ներկայացրել են բողոքի ակցիաներ անցկացնելու հայտեր, սակայն դրանցից ոչ մեկն այս պահի դրությամբ չի ընդունվել այն քաղաքներում, որտեղ անցկացվում են ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերը:

Հունիսի 16-ին Ռուսաստանի կառավարությունը Պետական դումայի հաստատմանն է ներկայացրել օրինագիծ թոշակի անցնելու տարիքը 2019 թվականից աստիճանաբար բարձրացնելու մասին:

Ըստ օրինագծի, մինչև 2028 թվականը տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը 60-ից կհասցվի 65 տարեկանի, իսկ կանանց պարագայում մինչև 2034 թվականը թոշակի անցնելու տարիքը ներկայիս 55-ից կհասցվի 63 տարեկանի:

Եթե նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այն ստորագրել կամ վետոյի ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG