Մատչելիության հղումներ

Սուրբ Հողի երեք հարանվանությունների պատրիարքները կրկին բողոքի նամակ են հղել Իսրայելի վարչապետին


Իսրայել - Ուխտավորներ, զբոսաշրջիկներ, լրագրողներ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի բակում, փետրվար, 2018թ․

Երկուշաբթի երեկոյան մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ ու գործակալություններ, այդ թվում՝ France-Presse-ը, իսկ Իսրայելում՝ հեղինակավոր The Jerusalem Post-ը, տարբեր խորագրերով հոդվածներ հրապարակեցին Սուրբ Հողի երեք հարանվանությունների պատրիարքների՝ Իսրայելի վարչապետին ուղղված պահանջի հետ կապված:

Հիշեցնենք, փետրվարի 28-ի վաղ առավոտյան Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդների որոշմամբ բացվել էին տաճարի դռները, որոնք փակվել էին փետրվարի 25-ին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ Երկրի եկեղեցիներից ու վանքերից, և Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու մասնավոր ընկերություններին կամ ձեռներեցներին: Նաև ըստ այդ օրինագծի նոր հանձնաժողով էր ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել:

Փետրվարի 27-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել էր Երուսաղեմի քաղաքապետ Նիռ Բառկատի ու մյուս կառույցների ղեկավարների հետ, և որոշվել էր թե՛ հարկերի և թե՛ Քնեսեթում նոր նախագծի քննարկումները հետաձգել: Ըստ Իսրայելի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության՝ ստեղծվելու էր հատուկ հանձնաժողով, որը գլխավորելու էր տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով բանակցություններ էր սկսելու քրիստոնյա համայնքների ղեկավարների հետ՝ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Եվ ահա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն պատրիարք Թեոֆիլոս երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը, ինչպես հաղորդում է France-Presse-ը, կրկին բողոքի նամակ են հղել Բենյամին Նեթանյահուին՝ խնդրելով, որ վարչապետը կանխի եկեղեցապատկան հողերը յուրացնելու մասին օրինագծի ընդունումը:

Երուսաղեմի պատրիարքները նաև մեղադրում են Իսրայելի իշխանություններին մի քանի ամիս առաջ ստանձնած պարտավորությունը չկատարելու համար, ինչը հանգեցրել է կողմերի միջև խորը ճգնաժամի: Նրանք նաև իրենց վրդովմունքն են հայտնում տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի՝ իրենց հետ մինչ օրս չհանդիպելու և հարցերը չքննարկելու առնչությամբ:

The Jerusalem Post-ը, մինչդեռ, հոգևոր առաջնորդների դիմումից բացի ներկայացնում է նաև Քնեսեթում օրինագծի հեղինակ՝ «Քուլանու» կուսակցության անդամ, պատգամավոր Ռախել Ազարիայի տեսակետը, ըստ որի՝ եկեղեցական հողերի մասին օրենքը գալիս է պաշտպանելու Երուսաղեմի այն բնակիչներին, որոնք բնակվում են եկեղեցապատկան հողերի վրա ու հողերի վաճառքի պատճառով չեն մնա դրսում:

Այնուամենայնիվ, Ազարիան նշել է, որ այս պնդումները կեղծ են, և երկուշաբթի օրվանից ներկայացվել է մեկ այլ օրինագիծ, որը, մասնավորապես, ուղղված չէ եկեղեցիների դեմ և կոչված է կանխելու այն վնասները, որոնք կկրեն եկեղեցու հողերի վրա ապրող բնակիչները:

«Վարչապետի և պաշտոնատար անձանց խնդրանքով, մենք վաղուց արդեն դադարեցրել ենք օրինագծի ներկայացումը: Մենք մտադրություն չունենք այնպիսի օրինագիծ առաջ քաշել, որը խտրականություն է առաջացնելու եկեղեցիները դեմ», - հայտարարել է իսրայելցի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG