Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը 70 գազալցակայանից 61-ում արձանագրել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում. Անանյան


Մոտ երկու օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 70 գազալցակայաններում իրականացրել է ստուգումներ և դրանցից 61-ում արձանագրել հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների խախտում։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա փոխանցմամբ, ստուգումները կրելու են պարբերական բնույթ։

Օգտատերերից մեկի հարցին, թե «ե՞րբ է հերթը հասնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, թե՞ այս պահին դա հարմար չէ», Անանյանը պատասխանեց. - «Եթե չեմ սխալվում, այդ 61-ի մեջ նաև կա պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայան։ Մենք գազալցակայաններում միջոցառումներն իրականացնում ենք անկախ նրանից, թե ում է պատկանում այդ գազալցակայանը»։

Հարց. - Արդյո՞ք ստուգումներ իրականացվել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում, ՊԵԿ-ն այնտեղ եղե՞լ է, և առհասարակ կա՞ն հայտնի անուններ, որոնց բիզնեսներում արդեն ՊԵԿ-ը ստուգումներ արել է։

Անանյան. - ՊԵԿ-ն անում է ստուգումներ ըստ հաստատված ստուգման պլանի՝ առանց ճշտելու, թե դա ումն է։ Ունենք ստուգման պլանում ներառված այնպիսի ընկերություններ, որոնք որ հնչեղություն ունեն։

Հարց. - Կարեն Ավագյանն ասում է, որ վերջերս հարցազրույցներից մեկում նշել եք, որ «Նորֆոլկ»-ի բազայի վրա ստեղծվելու է պետական վերահսկողության տակ գտնվող ընկերություն, որն էլ իրականացնելու է մաքսազերծման գործընթացի վերահսկողությունը։ Իսկ դիտարկե՞լ եք առաջարկ՝ «կարգոները» վերածել բաց բաժնետիրական ընկերությունների, բոլոր ներմուծող ՓՄՁ-ներին բաժնետեր դարձնելու և ըստ այդմ բաժնետիրական ընկերություններին յուրահատուկ բաց գործընթաց ապահովել։

Անանյան. - Պետությունը սեփականություն չունի «կարգոներում», և այդ կարգոների հետ կապված որոշումները՝ կա՛մ բաժնետիրական, կա՛մ բաժնեմասնակցության հետ կապված որոշումները բացառապես «կարգոյի» սեփականատերերի տիրույթում են։ Այո, հնարավոր է, որ էդ անձինք ներգրավվեն որպես բաժնետեր, բայց իրենք պետք է բանակցեն «կարգոների» սեփականատերերի հետ։ «Նորֆոլկ»-ի հետ կապված մենք փոխել ենք մեր որոշումը, որ «Նորֆոլկ»-ը ոչ թե պետք է վերակազմակերպվի, դառնա պետական մասնակցությամբ ընկերություն, այլ «Նորֆոլկ»-ը լուծարվում է, և ստեղծվելու է նոր պետական մասնակցության բաժնետիրական ընկերություն։ Այսինքն՝ «Նորֆոլկ»-ն իր դերակատարումը մոտակա երկու ամսվա ընթացքում ունենալու է, ստեղծելու ենք նոր կազմակերպություն, նոր կազմակերպությունը, լինելով պետական, ավելի թափանցիկ է գործելու, և «Նորֆոլկ»-ի որպես, չակերտավոր ասած, իրավահաջորդ էդ գործունեության ամբողջ պատասխանատվությունը վերցնելու է իր վրա՝ որպես պետության կողմից վերահսկվող բաժնետիրական ընկերություն։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG