Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսքով, Ռուսաստանում սպասում կա, որ Հայաստանից պտուղ֊բանջարեղենի արտահանման ծավալները կավելանան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան վերջին այցի ընթացքում քննարկել է նաև հայաստանյան պտուղ-բանջարեղենի արտահանման թեման:

Այսօր վարչապետի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա:

Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37 հազար 446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 հազար 651 տոննայի դիմաց: 2018 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազար 652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաև 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաև արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և այլ պետություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման ծավալների շարունակական ավելացումը և պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաև տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով:

«Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է և այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք», - ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:

Ոռոգման գործընթացի կազմակերպման առնչությամբ զեկուցվել է, որ այն ընթանում է պատշաճ մակարդակով, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Վարչապետն այս հարցում ևս ընդգծել է ամենօրյա համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG