Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումները շարունակվում են


Բողոքի ցույց Բաքվում, արխիվ
Բողոքի ցույց Բաքվում, արխիվ

Մեկ տասնյակից ավելի ադրբեջանցի ակտիվիստների թեյախմությունն այսօր ավարտվել է ոստիկանական բաժանմունքում: «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության 17 երիտասարդ անդամներ մայրաքաղաք Բաքվի թեյարաններից մեկից ոստիկանների կողմից բերման են ենթարկվել՝ առանց որևէ բացատրության: ժամեր անց, սակայն, նրանց ազատ են արձակել, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

«Իշխանություններն արդեն վախենում են ամեն ինչից: Հունիսի 15-ին նրանք վախեցան քաղբանտարկյալների ընտանիքներից և ձերբակալեցին նրանց, այժմ նրանք վախենում են թեյարանում հավաքված 17 երիտասարդներից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին: Երիտասարդ ընդդիմադիրների ձերբակալության օրը՝ հունիսի 18-ը Ադրբեջանի օրացույցում նշված է որպես մարդու իրավունքների տոն, որը սահմանվել է 11 տարի առաջ՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով:

Հունիսի 18-ը պատահականորեն չի ընտրվել․ 1998 թվականին այդ օրը նախկին նախագահ Հեյդար Ալիևը հաստատել է մարդու իրավունքների հարցերով պետական ծավալուն մի ծրագիր, որը պետք է դառնար երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ճանապարահային քարտեզ: Ադրբեջանի կառավարությունը պնդում է, թե այդ ոլորտում ձեռքբերումները քիչ չեն:

1990-ականներից ի վեր Ադրբեջանն ընդունել է ավելի քան 200 միջազգային կոնվենցիաներ, որոնց մետ 70 տոկոսն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ Ադրբեջանում ստեղծվել է օմբուդսմենի ինստիտուտ: Այդուհանդերձ՝ Ադրբեջանի հասցեին իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը չի նվազում, երկրի հատուկենտ ընդդիմադիրներն էլ պնդում են, որ Ալիևի վարչակազմը շարունակում է ճնշել քննադատող ձայները:

«Թուրան» գործակալությունը հիշեցնում է երկրում մարդու իրավունքների ոլորտին առնչվող՝ տեղական և միջազգային կազմակերպությունների հնչեցրած բավականաչափ լուրջ դիտողություններն ու մտահոգությունները, կապված, մասնավորապես, խոշտանգումների, քաղաքական և կրոնական ակտիվիստների ձերբակալությունների, մամուլի ազատության սահմանափակման հետ:

Այդ մասին վկայող ամենաթարմ զեկույցը ԱՄՆ պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների հարցերով տարեկան զեկույցն» է, որի հեղինակները մի շարք աղաղակող փաստերի մասին են բարձրաձայնում, այդ թվում՝ դատապարտյալների մահվան դեպքեր, նրանց կյանքի համար վտանգավոր պահման պայմաններ, շինծու ձերբակալություններ, ազատությունների բացակայություն, քաղբանտարկյալների առկայություն, լրագրողների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում:

Փաստաթուղթը հրապարակվել է ապրիլի 20-ին՝ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որն ուղեկցվել էր Ալիևի վարչակազմի ընդդիմախոսների ձերբակալություններով: Ադրբեջանի նախագահի վարչակազմը թեև ամբողջությամբ չի հերքում այդ դիտողությունները, այդուհանդերձ, պնդում է, որ դրանք «կողմնակալ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG