Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից


Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, արխիվ

Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ կոչումից զրկվեց նաև Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:

«Գալա» խմբակցությունը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծ էր ներկայացրել, սակայն ավագանին մերժեց այն, քանի որ առաջարկվում էր նրան կոչումից զրկել հետմահու: Նախաձեռնության հեղինակներից Լևոն Բարսեղյանն ասաց՝ պետք է մաքրվի պատվավոր քաղաքացիների ցուցակը: Նա պատրաստվում է Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը կրկին օրակարգ բերել:

«Գորիկ Գուրգենի Հակոբյանի մասով ես շատ եմ որոնել հիմքեր՝ հասկանալու համար, թե տեսնես Գյումրի քաղաքին բերած ի՞նչ օգուտների համար է այս մարդն արժանացել այդ կոչմանը: Եթե այս որոշումը կմերժվի, հաջորդ նիստին ենք առաջարկելու, հաջորդ նիստին կմերժվի, հաջորդին ենք ներկայացնելու: Այնքան ժամանակ, մինչև Գյումրիի պատմությունը մաքրագործվի: Ժամանակին արել են, սխալ են արել, սիպված են եղել, ճնշումների տակ են եղել և այլն, հարկավոր է ազատվել այս ծանր ժառանգությունից»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ռոբերտ Քոչարյանին 2002 թվականին են շնորհել այդ կոչումը: Այն հիմավորմամբ, թե «Լինսի» հիմադրամի միջոցներով Գյումրիում իրականցվել է բնակարանաշինական մեծ ծրագիր: Սերժ Սարգսյանն էլ այդ կոչմանն արժանացել է 2006 թվականին, երբ պաշտապանության նախարար էր: Թե ինչու է նրան կոչում շնորհվել, որևէ հիմավորում չի ներկայացվել:

Լևոն Սարգսյան, արխիվ
Լևոն Սարգսյան, արխիվ

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին որպես «Փյունիկ» հիմանադրամի տնօրեն Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու շուրջ 2 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ: Նրան այդ կոչումը շնորհում էին հիմնավորմամբ, թե «Վերածնունդ» երաժշտական միջազգային փառատոնն է Գյումրիում անցկացնում: Պարզվում է, սակայն, որ այդ մրցույթին մասնակցելն անվճար չի եղել: Հարցը ներկայացնող ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանն ասաց․

«Օրինակ, փառատոնի մասնակիցները, որպես անդամավճար, Արցախից ու Հայաստանից վճարել են 3-ից 6 հազարական դրամ, երգչախմբերը վճարել են 20 հազար դրամ, արտասահմանյան մասնակիցները՝ 80-ից 100 եվրո են վճարել մասնակցության համար: Եվ թե որտեղ է Լևոն Սարգսյանի բարեգործությունը, անհասկանալի է: «Փյունիկ» հիմնադրամն իր գործունեությամբ մշտապես է կասկածներ հարուցել»:

Գյումրեցիները դեռ 2 տարի առաջ շուրջ 2000 ստորագրություն հավաքեցին՝ Լևոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն ավագանու նիստի օրակարգ ընդգրկելու համար: Հարցն ընդգրկվեց, սակայն ավագանին դեմ քվեարկեց: Վերջինս միայն այսօր զրկվեց այդ կոչումից: Այսպիսով՝ Գյումրիի պատվավոր քաղաքացիների թիվը 61-ից նվազեց 58-ի: Առաջիկայում այլ անուններ ևս կներկայացվեն՝ այդ կոչումից զրկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG