Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ-ի համագործակցությունը


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված իր դիտարկումներն է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին:

Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական զարգացումներին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են, մասնավորապես, կառավարության գործունեությանն ու ծրագրերին՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և խոսել Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ հարաբերությունների մասին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ-ի ու կազմակերպության անդամ պետությունների միջև սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը:

Վերոնիկ Ռոժե-Լականն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ը պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին այսօր ընդունել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ-ի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG