Մատչելիության հղումներ

Վանաձորի տնակային ավանների խնդիրը մնում է չլուծված, ուսումնասիրությունները շարունակվում են


Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչները, արխիվ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ քաղաքում տնակային ավանների խնդիրը տեղական միջոցներով հնարավոր չէ լուծել, բայց նաև ճիշտ չէ հարցն ամբողջությամբ կառավարության ուսերին թողնելը։

Ներկայումս Վանաձորում ավելի քան 600 ընտանիք է ապրում տնակային ավաններում և հանրակացարաններում: Խնդրի լուծման համար դեռ երկու ամիս առաջ ավագանու որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր տնակային ավանում բնակվողներից յուրաքանչյուրի կարգավիճակը:

«Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամները ևս երկու ամիս շարունակ ուսումնասիրություններ են կատարել տնակային ավաններում ու հանրակացարաններում, հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ հարցն ավագանու օրակարգում ընգրկելու համար, նաև հանդես եկել խնդրի լուծման սեփական առաջարկությամբ:

Մասնավորապես, նրանք առաջարկում են բնակիչներին հատկացնել Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող չբնակեցված բնակարանները, կամ, որպես բնակմակերես, սեփականության իրավունքով նվիրաբերել այն տարածքները, որտեղ մարդիկ բնակվում են:

Ավագանին, սակայն, դեմ քվեարկեց այս առաջարկին: Փոխարենը ստեղծվեց փաստահավաք խումբ, որն առավել բազմակողմանի պետք է ուսումնասիրեր խնդիրը, ինչից հետո խնդրի լուծման տարբերակներ առաջարկեր: Մամիկոն Ասլանյանի խոսքով, երբ կունենան ամբողջական պատկեր, այդ ժամանակ էլ կառաջարկվեն հստակ լուծումներ:

«Ավելի լավ է մենք մի քիչ երկար աշխատենք, ունենանք գլոբալ, համապարփակ լուծում: Չգիտեմ ինչ կարժենա, ոնց կարժենա, բայց նաև կարողանանք այլընտրանք թողնել բնակիչների համար, որովհետև ոմանց ձեռնտու է, կամ ոմանք հնարավորություն ունեն իրենց ուժերով անհատական բնակարան կառուցել: Մենք հողը հատկացնենք, կառավարությանը դիմենք, հողի համար թույլտվություն ստանանք՝ նվեր տալու, կամ ինչպես 2000-ականների կեսերին էր արվում, բնակարանների գնման վկայագրեր տրվեն: Կամ էլ նոր շենքեր կառուցվեն, կամ հները վերանորոգելու խնդիր լուծենք»,- տարբերակներ է թվարկում Ասլանյանը:

Հանձնաժողովի նախօրեին տեղի ունեցած նիստին ներկա տնակային ավանի բնակիչների հիմնական մտահոգությունն այն էր, որ լուծվի իսկապես տնակային ավանում բնակվողների հարցը, ոչ թե նրանցը, ովքեր ժամանակ առ ժամանակ են միայն այցելում տնակային ավաններ՝ բնակարան ստանալու ակնկալիքով: Ասլանյանի պնդմամբ՝ փաստահավաք խումբը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG