Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարն այցելեց Գյումրի, եղավ քաղաքի մշակութային կենտրոններում


Լիլիթ Մակունցն «Ազատության» տաղավարում, արխիվ
Լիլիթ Մակունցն «Ազատության» տաղավարում, արխիվ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ճանաչողական շրջայց կատարեց Գյումրիի մի քանի մշակութային հաստատություններում: Մշակույթի նախարարությունը փորձելու է լուծել Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցը: Նույնիսկ խորհրդային տարիներին այս թանգարանը շենք չի ունեցել, իսկ անկախ Հայաստանում գրեթե բոլոր կառավարությունները խոստացել են լուծել հարցը, սակայն խոստումներից այն կողմ ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ թանգարանը ունի հարուստ ցուցանմուշներ ու ֆոնդ, որոնք ցուցադրելու տեղ չունի:

Լիլիթ Մակունցը նախարար նշանակվելուց հետո առաջարկ էր ստացել Գյումրիից, որ նախկին թիվ 1 հիվանդանոցի շենքում տեղակայվի թանգարանը։ Նախարարն այսօր եղավ այդ շենքում ու համաձայնեց, որ թանգարանի համար դա հարմար տարբերակ է: Լիլիթ Մակունցը կիսաքանդ առանձնատանը տեղակայված երկրագիտական թանգարան էլ այցելեց ու իր աչքով տեսավ, թե ինչ պայմաններում են պահվում տարբեր դարաշրջաններից պեղված հնագիտական բացառիկ նյութերը:

Նորանշանակ նախարարին տպավորել էին թանգարանի ցուցանմուշները, սակայն դրանց պահման պայմանները մտահոգեցին նրան։ Մակունցն ասաց, որ կդիմեն պետգույքի կառավարման վարչություն և առողջապահության նախարարություն, թանգարանին տարածք տրամադրելու հնարավորությունն ուսումնասիրելու և հարցին լուծում տալու համար:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք մարզերից Երևան տեղափոխված տարբեր մշակութային արժեքները ետ են վերադարձվելու, մշակույթի նախարարն ասաց, որ այդ խնդիրը ևս ուսումնասիրվում է։ Հիշեցնենք՝ գյումրեցիները թեև դեմ էին, որ Մինաս Ավետիսյանի՝ Գյումրիի գործարաններից մեկի պատերին արած որմնանկարները Երևան տեղափոխվեն, սակայն տարիներ առաջ դրանք վերականգնվեցին և տեղափոխվեցին կառավարության շենք ու «Զվարթնոց» օդանավակայան։

Մշակույթի նախարարը խոստացավ առաջիկայում կրկին այցելել Գյումրի՝ մշակույթի ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG