Մատչելիության հղումներ

Նոր կառավարությունը վստահեցնում է՝ ամեն ինչ կանեն «Նաիրիտի» վերագործարկմանը նպաստելու համար


«Նաիրիտ» գործարանը, արխիվ

Տնտեսական ներդրումների և զարգացման նախարար Արծվիկ Մինասյանն ասում է, որ երբեմնի քիմիական հսկա «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող ներդրողների առաջ պատրաստ են ոչ միայն կանաչ լույս վառել, այլև բոլոր հնարավորություններն ընձեռել նրանց։

«Նաիրիտում» նեդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներն օրերս հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որից հետո հայտարարել են, թե իրենց առաջ կանաչ լույս արդեն վառվել է։ Նույն հոլդինգի ներկայացուցիչները Կարեն Կարապետյանի կառավարության հետ այդպես էլ համաձայնության չեկան: Պատճառը, ըստ նախկին վարչապետի, այն էր, որ գործարանի հետ կապված լուրջ առաջարկ ու համապատասխան ծրագիր չեն ստացել: Վարչապեը Կարապետյանը ծրագրի առկայության մասին պնդումները մամուլի «կամայական հայտարարություններ» էր որակել:

Արծվիկ Մինասյանը, միչդեռ, այսօր հայտարարում է․ «Պատրաստ ենք ամեն ինչ տրամադրել, միայն թե առաջարկները միս ու արյուն ստանան: Սպասում ենք առաջարկներին համագործակցության հուշագրի տեսքով: Ամեն ինչ կանենք, որպեսզի ունենանք լիարժեք փոխըմբռնում»:

Նոր կառավարության հետ հոլդինգի քննարկումները դեռ շարունակվում են։ Արծվիկ Մինասյանն ասում է՝ առաջին հերթին պետք է պարզել, թե գործարանը տեխնիկապես ինչ վիճակում է։ «Նաիրիտում» նախկինում էլ աուդիտներ իրականացվել են։ «Սակայն ինչպես գիտեք, գործարանը նաև սննանկության վարույթում է, և մենք ջանքեր ենք գործադրում, որ աուդիտն արագանա, որպեսզի իրավիճակը չհասնի կրիտիկականի»,- ասում է նախարարը:

«Նաիրիտը» սնանկ ճանաչվեց 2016 թվականին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»ընկերության հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։ «Նարիրտի» նախկին տնօրեն՝ այժմ դրա վերագործարկման համար պայքարող Կարեն Իսրայելյանն ասում է՝ սնանկությունից հետո գործարանից բավական գույք է հանվել ու վաճառվել շուկայականից ցածր գներով։ «Նաիրիտի» տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանը նախկին տնօրենի հետ համաձայն չէ։ Նա վստահեցնում է, թե այն գույքը, որն անհրաժեշտ է վերագործարկման համար, իրենք խնամքով պահում են։

Գործարանն, ընդհանուր առմամբ, 100 միլիոն դոլարի պարտք է կուտակել 292 ընկերության ու անձի հանդեպ: Կարեն Իսրայելյանն ասում է՝ ներդրողները չեն պատրաստվում նախկին պարտքերը մարել։

«Նաիրիտ» գործարանը դադարեց արտադրանք թողարկել 2010 թվականի մարտին, իսկ նաիրիտցիների մեծ մասը գործազուրկ դարձավ 2015-ի փետրվարին, երբ շուրջ 1700 աշխատողներ կրճատվեցին։ Նրանք միայն երկարատև բողոքի ակցիաներից հետո կարողացան ստանալ իրենց մի քանի տարվա աշխատավարձը: Գործարանի անվտանգության 116 գործող աշխատակիցներն այսօր էլ պայքարում են իրենց 5 ամսվա աշխատավարձը ստանալու համար: Գործարանի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հարցում ևս կառավարության պատասխանին են սպասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG