Մատչելիության հղումներ

14 տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի նոր ներկայացուցչին՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նշանակումը ժամանակավոր է, վերջնական թեկնածի հարցը կորոշվի, երբ օրենքում համապատասխան փոփոխություններ արվեն։

«Նախարարի տեղակալը կկատարի այդ պարտականությունները: Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները կարգավորելու համար մենք կարիք կունենանք օրենքի ընդունման, որով այս ողջ հարաբերությունները կկարգավորվեն: Նաև նախագծում, որը էս պահին մշակվում է, նախատեսվում է, որ ներկայացուցչի նշանակման վերաբերյալ որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետը», - ասաց Արտակ Զեյնալյանը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը թափուր մնաց նախկին Հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո։ Լուրը թեև տարածվեց այսօր, սակայն ինչպես aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Կոստանյանը, հրաժարականի դիմումը ներկայացրել է դեռ չորս օր առաջ։

Նախկին Գլխավոր դատախազը հրաժարականի իր պատճառը կապել է Հայաստանում իշխանափոխության հետ ու աննպատակահարմար է համարել պաշտոնավարման շարունակությունը։

«Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները Եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով»,- ասել է Կոստանյանը։

Ոլորտի մասնագետները տրամաբանական են համարում Հանրապետական պատգամավորի հեռանալը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասում է, որ թեև Կոստանյանը այդ գործում հմուտ մասնագետ էր, սակայն նրա գործողությունները կանխորոշված էին նախկին իշխանության մոտեցումներով․ - «Տևական ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը վերաբերում էր գործերին այնպես, ինչպես դատախազ: Տպավորություն էր, որ չորրորդ ատյանն է Եվրոպական դատարանը, և Գևորգ Կոստանյանը այնտեղ շարունակում է մեղադրանքը պաշտպանել: Ես կարծում եմ, որ էս առումով փոփոխության անհրաժեշտություն կա: Եվ ոչ միայն անձի: Կարևոր է լինելու նաև, որ ով որ կգա Գևորգ Կոստանյանին փոխարինելու, նա նախկին մտածելակերպի տեր անձնավորություն չլինի»:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն իրականում պետք է կապող օղակ լինի Կառավարության և Եվրոպական դատարանի միջև: «Սա է կարևորը», - ընդգծում է Վարոսյանը: Նրա խոսքով՝ ճկունության ու նոր մոտեցումների կարիք կա, անկախ անձերից Կառավարությունը պետք է հենց այս հարցին ուշադրություն դարձնի․ - «Էն հարցերում, որտեղ պետության սխալն ակնհայտ է, գուցե ճիշտ է ընդունելը, գուցե կողմի հետ բանակցելն է ճիշտ: Կարծրատիպային մոտեցումները, որ Եվրոպական դատարանում ներկայացուցիչը պիտի ամեն գնով, ցանկացած միջոցով հասնի նրան, որպեսզի որոշում Հայաստանի դեմ չկայացվի, ես կարծում եմ, որ էս իրավիճակից մենք պիտի դուրս գանք, և Եվրոպական դատարանում ներկայացուցիչը պիտի աշխատի նաև Կառավարության հետ: Այսինքն փոխանցի այն սիգնալները, թե որտեղ է ինքը տեսնում խնդիրներ»:

Վարոյանի կարծիքով, խնդիրների շտկումն առաջին հերթին ներպետական ատյաններում է պետք սկսել, և դատական եռաստիճան համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով է, որ Հայաստանից Ստրասբուրգ հասնող գանգատների թիվը անցնում է մի քանի հազարի շեմը:

Իր հրաժարականի մասին հայտարարությունում նաև թվային տվյալներ է ներկայացրել Գևորգ Կոստանյանը։ Մասնավորապես, 2002-17 թվականների ընթացքում Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3 հազար 416։ 2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 2007 թվականից ի վեր պարտավորեցրնելով վճարել ավելի քան մեկ միլիոն եվրո գումար:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հույս ունի, որ նախկին կոշտ մոտեցման վերանայման արդյունքում Եվրոպական դատարան ուղարկվող հայցերը կպակասեն։

Նրա խոսքով՝ այժմ Կառավարության խնդրանքով ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել պետությանը մոտ 2 տասնյակ գործերով պատասխան տալու համար․ - «Նշանակում է՝ Կառավարությունը թայմ աութ է խնդրում: Սա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ Կառավարությունը Եվրոպական դատարանում պատրաստվում է ինչ-որ ծրագիր ներկայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG