Քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում N զորամասում բացահայտվել են չարաշահումների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահը, կոչումով՝ մայոր, կաշառքի դիմաց օժանդակել է ժամկետային զինծառայողներին՝ խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունները»: Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, «մայորը 2017-2018թթ. ընթացքում գումարի դիմաց զինծառայողի հարազատի մահվան կամ հարսանիքի մասին վկայող մտացածին պատճառաբանություններով հեռախոսագրեր է հասցեագրել զորամասին, որոնք էլ հիմք են հանդիսացել զինծառայողներին կարճատև արձակուրդ տրամադրելուն՝ նրանց զինվորական ծառայության պարտականությունները խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցնելուն»:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով («հանցակցություն զինծառայողի կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելուն կամ խաբեությանը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն») (2 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար») և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ):
Նախաքննությունը շարունակվում է: