Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» 14-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հրապարակվեցին մրցույթի հաղթողների անունները:

Այս տարի Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի օրը՝ հունիսի 6-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին միայն թավջութակահարները: Մրցութային երեք փուլերի ավարտից հետո հաղթող է ճանաչվել և 15 հազար դոլարին համարժեք դրամական պարգևի է արժանացել դանիացի թավջութակահար Ջոնաթան Սվենսենը: Երկրորդ տեղն է զբաղեցրել և 10 հազար դոլարին համարժեք դրամական պարգևի է արժանացել Ռուսաստանը ներկայացնող թավջութակահար Ֆեոդոր Ամոսովը: Երրորդ մրցանակը, համապատասխանաբար 5000 դոլարին համարժեք դրամական պարգևով, հատկացվել է Ռուսաստանը և Կորեայի հանրապետությունը ներկայացնող թավջութակահարներ Ռուստեմ Խամիդուլինին և Չի-Ուոն Հոնգին:

Ի դեպ, Չի-Ուոն Հոնգն արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Մրցույթի ավարտին, ավանդաբար, բացի հիմնական մրցանակներից, հանձնվում են նաև հատուկ մրցանակներ:

Այս տարի մրցույթի միջազգային ժյուրիի պատվավոր նախագահն աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերցկին էր: Նա երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց, որ իր համար անկանխատեսելի էր մրցույթի մասնակիցների այսչափ բարձր մակարդակը: Ասաց նաև, որ իրենց կատարումներով բոլոր երաժիշտները հիասքանչ էին և ֆանտաստիկ:

Վերհիշելով Արամ Խաչատրյանի հետ հանդիպումը Կրակովի իր տանը Խաչատրյանի այցելության ժամանակ, Պենդերեցկին ընդգծեց՝ իրենք ընկերներ դարձան այդ հանդիպումից ընդամենը 10 րոպե անց: «Նա մեծ երաժիշտ էր և հիանալի մարդ»,- ասաց Քշիշտոֆ Պենդերեցկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG