Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Կոռուպցիայի դեմ պայքարում ականատես ենք լինում քաղաքական կամքի դրսևորմանը


ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյան
ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյան

Նոր Կառավարության անդամները ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեն, քան նախորդ կաբինետի անդամները:

Վարչապետ Փաշինյանը 2017-ին պատգամավորական մանդատը ստանձնելիս հայտարարագրել էր մեկ ավտոմեքենա, տարին ամփոփել էր՝ հաշվին ունենալով 790 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում որպես աշխատավարձ հայտարարագրել էր մոտ 7 միլիոն դրամ ու ևս մեկ միլիոն՝ որպես նվիրատվություն։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա, պատգամավորի պաշտոնը ստանձնելիս հաշվին ունեցել է 3 միլիոն դրամ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնելիս հաշվին ունեցել է 2400 ԱՄՆ դոլար և 600 հազար դրամ, իսկ հունվարից մինչև պաշտոնյա դառնալու օրը ստացել 14 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ։

Համեմատաբար մեծ ֆինանսական միջոցներ ունի «Ծառուկյան» դաշինքի առաջադրած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ունի հողամաս, բնակարան, 2 ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է 77 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչև մայիս ընդհանուր առմամբ 28 մլն դրամի աշխատավարձ է ստացել: Նա ունի նաև բաժնետոմս, որի արժեքը ըստ հայտարարագրի, 5020 դրամ է, սակայն, ըստ «Հետք» պարբերականի, իրականում դրա փոխարեն պետք է նշված լիներ 502 միլիոն դրամ, որը փոխվարչապետի՝ Արդշինբանկում ունեցած մասնաբաժնի արժեքն է։

Նախարարներից որևէ մեկը աչքի չի ընկնում խոշոր ունեցվածքով կամ ֆինանսական միջոցներով, բացի Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանից, ով ունի փոխառության հանձնած 335 միլիոն դրամ: Գրիգորյանը ևս առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի կողմից։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը կարծում է, որ վերջին օրենսդրական փոփոխությունները հնարավորություն տալիս են առաջիկա տարիներին ուշի-ուշով հետևելու նոր բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներին․ - «Օրենսդրական կարգավորումների առումով փոխվել է այն, որ հիմա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նաև ընտանիքի անդամներն են ներկայացնելու հայտարարագրեր: Շատ կարևոր է սկսել հենց դրանից: Կանխարգելման առումով հայտարարագրերն են ուղիղ ճանապարհը՝ հետագայում քննություն անելու՝ սկսած պաշտոնը ստանձնելու օրվանից, հետո համեմատելով տարեկան հայտարարագրերի հետ, և վերջում՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրի հետ»:

Նախկինում պետական պաշտոնյաների հայտարարագրերով զբաղվող Էթիկայի հանձնաժողովին սահմանադրական փոփոխություններից հետո փոխարինում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը շատ ավելի լայն լիազորություններ ունի։

«Մասնավորապես, հայտարարագրերի արժանահավատության, ամբողջականության ստուգում պիտի անի հանձնաժողովը: Նրան մատչելիություն է տրվում արդեն որոշակի տեղեկատվական բազաներին՝ Կենտրոնական դեպոզիտարիա, վարկային բյուրոներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշակի տեղեկատվական բազաներին», - փոխանցեց Ղալթաղչյանը:

Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրած ուենցվածքի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում հանձնաժողովն այսուհետ կարող է վարույթ հարուցել, պատասխանատվության ենթարկել պաշտոնյային, իսկ քրեական հանցակազմի դեպքում գործն ուղարկել դատախազություն․ - «Այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է կիրառվում, նախատեսված է և՛ ազատազրկում, և՛ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում որոշակի ժամկետով»:

Փորձագետի կարծիքով, հնարավորություն կա, որ օրենքը լիաժեք գործի նոր քաղաքական մթնոլորտի պայմաններում․ - «Արժեհամակարգի փոփոխություն ա գնացել, հիմա հստակ քաղաքական կամքի դրսևորմանն ենք արդեն ականատես լինում կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք, ի տարբերություն նախկինի, զուտ խոսքեր չեն: Համենայն դեպս որոշակի քրեական հետապնդումներ են սկսվել: Իհարկե, պետք է ուշադիր լինել ընթացքին, թե ինչ ընթացք կստանան էս հարուցված քրեական գործերը, բայց կարծում եմ, որ այս պահին առնվազն ես, որպես փորձագետ, չունեմ կասկածի ինչ-որ տեղ»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր կազմ դեռևս չունի․ հանձնաժողովի անդամները այս պահի դրությամբ նախկին Բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նույն անդամներն են։

Առաջիկայում նախատեսվում է կազմել մրցութային խորհուրդ, որը կընտրի հանձնաժողովի նոր անդամների թեկնածուներին և կներկայացնի Ազգային ժողով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG