Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, բարեկամ երկիր է համարում Բելառուսը:
Անցյալ տարվա համեմատությամբ բելառուսցիներն այդ անվանակարգում 1 տոկոսի աճ են գրանցել:
«Բարեկամության աստիճանի» առումով երկրորդ տեղում Չինաստանն է՝ 40 տոկոս, իսկ երրորդը 32 տոկոս վաստակած Ղազախստանն է: 4-րդ և 5-րդ տեղերում են Սիրիան և Հնդկաստանը:
Հայաստանը ռուսաստանցիների կողմից բարեկամ համարվում երկրների ցանկում 6-րդն է: Հայաստանը 11 տոկոս է ստացել, գրանցվել է 1 տոկոսի անկում՝ 2017 թվականին Հայաստանը բարեկամ են համարել հարցվածների 12 տոկոսը:
Ընդ որում, որքան ետ ես պտտում ժամանակի անիվը, այնքան մեծանում է Հայաստանը բարեկամ համարող ռուսաստանցիների թիվը: Ահավասիկ՝ 2016-ին այն 13 տոկոս էր, 2015-ին հասել է 18 տոկոսի: Նշենք, որ 2015 թվականի հունվարից է մեկնարկել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը: Իսկ 2014-ին, երբ Հայաստանը ստորագրել է անդամակցության փաստաթուղթը, բարեկամ է համարվել ռուսաստանցիների 13 տոկոսի կողմից: Այս տարվա 11 տոկոսը գրանցվել է նաև 2011-12 թվականներին:
Այս տարի Հայաստանին հաջորդում են Կուբան, Ուզբեկստանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Հետաքրքիր է 4-րդ տեղը զբաղեցնող Սիրիայի վիճակագրությունը՝ 2006-15 թվականներին Սիրիան բարեկամ է անվանել ռուսաստանցիների ընդամենը 1-4 տոկոսը: 2015-ին, երբ ռուսները նոր են ներքաշվել սիրիական պատերազմի մեջ՝ «բարեկամության աստիճանը» դեռ 2 տոկոսի սահմաններում էր, բայց հաջորդ տարվանից, երբ արդեն հանրությունը սկսել է հաշվի առել պատերազմի գործոնը, Սիրիային համակրողների թիվն անմիջապես հասել է 10 տոկոսի: 2017-ին՝ 15, իսկ այս տարի՝ արդեն 21 տոկոս:
Հայաստանի հարևան Վրաստանը ռուսաստանցիների 3 տոկոսի համոզմամբ է բարեկամ: Վրաստանը 25-րդ տեղում է բարեկամների ցանկում:
Իսկ վերջին տեղը 2-ական տոկոսով կիսում են Հարավային Կորեան, Չեխիան, Իսպանիան, Իրաքը, Աֆղանստանը և Ֆինլանդիան:
Ուշագրավ է նաև թշնամի համարվող երկրների ցանկը: Առաջին տեղում, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ ռուսաստանցիների 78 տոկոսն ԱՄՆ-ին համարում է թշնամի:
Երկրորդ տեղում Ուկրաինան է: Հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, թշնամի է համարում երկիրը, որի մի մասը Մոսկվան բռնազավթել է և կոշտ պատժամիջոցների ենթարկվել Արևմուտքի կողմից:
«Թշնամիների» ցուցակում երրորդը 38 տոկոս հավաքած Մեծ Բրիտանիան է: Ապա նախկին խորհրդային և նախկին սոցիալիստական պետություններն են՝ Լատվիան, Լեհաստանը, Լիտվան: 7-րդը Գերմանիան է, 8-րդը՝ Էստոնիան:
Ռուսաստանցիների 8 տոկոսի կարծիքով՝ Վրաստանը թշնամի երկիր է, որն այդ ցուցակում 9-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի և Կանադայի հետ:
Այս հարցումը «Լևադա» կենտրոնն անցկացրել է ընթացիկ տարվա մայիսի 24-30-ը: