«Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, և մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք կոորդինացնում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում: Երկու երկրների կառավարությունները պետք է այսուհետ ևս ձգտեն հարաբերությունների զարգացմանը»: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեվդեդևը:
Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա շարունակվում է: Հայաստանի վարչապետն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոսկվա ժամանած մի շարք երկրների ղեկավարների հետ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որին հաջորդել է Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային խաղը:
Փաշինյանի այցը չափազանց հագեցած է․ երեկ նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի։
«Զրուցակիցները կարևորել են նաև երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- ասված է Հայաստանի վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաշինյանը և Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։
Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում այդ բանկի գործունեության ընդլայնման հարցը։ Առավոտյան Փաշինյանն այցելել է նաև Մոսկվայի հայկան եկեղեցի, այնուհետև՝ Մոսկվայի «Հաղթանակի» թանգարան, որտեղ տեղի է ունեցել ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությունը: Հայաստանի վարաչապետն այցելել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։
Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան: Մայիսի 14-ին նա մեկնել էր Սոչի: Այսօր երեկոյան ՀՀ վարաչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան։