Մատչելիության հղումներ

ՇՊՀ նախկին դասախոսների հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ


Շիրակի մարզի դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործով բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կարգավիճակը պարզ կդառնա միայն նախաքննության ավարտից հետո:

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսների հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել բուհում «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է տարվում՝ պարզելու, թե կոնկրետ ինչ վնաս է պատճառվել:

Հիշեցնեմ, ինը ամիս շարունակ բուհի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին անօրինականության, չարաշահումների, կոռուպցիայի մեջ:

Շիրակի մարզի դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործով Սահակ Մինասյանի կարգավիճակը պարզ կդառնա միայն նախաքննության ավարտից հետո:

Թեև Շիրակի մարզի դատախազությունը ուսումնասիրություն սկսել էր, սակայն միայն ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո հարուցվեց քրեական գործ:

Մեկ ամիս է, ինչ Սահակ Մինասյանը արդեն ռեկտորի պաշտոնից հեռացել է, սակայն բուհում լարված մթնորտը դեռ պահպանվում է: Երեկ մինչև կեսգիշեր բուհում էր կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Եվ դասախոսները, և ուսանողներ բաժանվել են խմբերի ու իրար են մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Նախարարը 4 ժամ տարբեր խմբերի բաժանված թևերի հետ հանդիպեց առանձին՝ փակ դռների հետևում:

Իրավիճակը Հարությունյանը այսպես գնահատեց․ - «Այդ իրավիճակը նաև պայմանավորված է երկրում ստեղծված փոփոխություններով: Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում: Դա արվում է որոշակի սուր կերպով, և այդ հակամարտությունը ավելի է սրվում: Հիմա Կրթության և գիտության նախարարությունը այդ ամեն ինչում փորձում է միջնորդի դեր կատարել: Մասնավորապես ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ֆորմատ, որի ընթացքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ, որ ելքը այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջը և փորձեն միմյանց հետ քննարկել հարցերը»:

Մեկ ամիս առաջ, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Սահակ Մինասյանը վայր է դնում ռեկտորի լիազորությունները, միաժամանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին խնդրեց աշխատանքից ազատված դասախոսներին վերադարձնելու տարբերակ գտնել: Սակայն նրանք մինչև օրս բուհ չեն վերադարձել:

Այս առնչությամբ Հարությունյանն ասաց․ - «Կրթության և գիտության նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս իրավիճակում: Կամ ասել ինքը ինչ կաներ նման իրավիճակում: Բուհերը իրենք պետք է առավելագույնը անեն, որպեսզի հասնեն լուծումների»:

Շիրակի համալասարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչու չեն վերականգնվել աշխատանքից ազատված դասախոսներ:

«Ես տղաների հետ էլ եմ հանդիպել, ես խորհրդակցել եմ նաև նախարարության աշխատողների հետ՝ իրավաբանի հետ, նախարարի հետ, փոխնախարարի հետ: Անկեղծորեն պիտի ասեմ՝ ես միարժեքորեն կողմ եմ իրավական լուծման: Իրավական ցանկացած լուծում ինձ համար կլինի ընդունելի: Անձնական խնդիրներ իմ ու տղաների միջև չկա», - արձագանքեց Սերոբյանը:

«Ազատության» հարցին, թե երբ է կայանալու նոր ռեկտորի ընտրությունը, նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ - «Իշխանությունները ունեն որոշակի լիազորություններ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունը և բոլորիս ցանկությունը այն է, որ մենք հասնենք մի լուծման, որը ընդունելի կլինի բոլորի համար»:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորից բացի, բողոքներ կան նաև կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի դեմ:

Նախարարը խոստացել էր նաև այս խնդրին անդրադառնալ ու լուծում գտնել: Այսօր նա ասաց․ - «Ես հիմա ուզում եմ կոնսերվատորիայի անձնակազմի հետ հանդիպել: Անկեղծ ասած, բուն էությունը պրոբլեմի չեմ հասկանում»:

Կրթության ոլորտում վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք աղմակահարույց բացահայտումներ եղան: Նախարարը հայտարարեց, որ ստուգումները շարունակվում են, և նոր բացահայտումները չեն բացառվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG