Մատչելիության հղումներ

Կակտիվացվեն մի շարք հնչեղ հանցագործությունների, այդ թվում մարտիմեկյան դեպքերի բացահայտման աշխատանքները․ ԳԴ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:

«Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը: Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար»,- մասնավորապես, նշված է դատախազության հաղորդագրությունում:

Նիստի ընթացքում հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:

«Գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:

Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը»,- նաև ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Հունիսի 7-ին ԱԺ-ում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր մարտ 1-ի 10 սպանությունների բացահայտումը, ասելով, թե իրավապահներին արդեն հանձնարարականներ է տվել: «Իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի մարտի 1-ի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ ընդհակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն»,- նշել էր Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG