Մատչելիության հղումներ

Էրեբունիում ապրիլի 22-ի անկարգությունների գործով հետախուզվում է Մասիսի մարզադպրոցի տնօրենը. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին մասնակից բոլոր անձանց ինքնությունը։

Ըստ կոմիտեի, արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ անկարգություններին Մասիսի մարզադպրոցի տնօրենի մասնակցության վերաբերյալ, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում։ 5 անձ ճանաչվել է տուժող:

«Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Քննչական կոմիտեի, նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլի հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անկարգություններին մասնակցություն է ունեցել նաև Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրեն Ա.Հակոբյանը՝ ծնված 1976թ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ հունիսի 13-ին որոշում է կայացվել՝ նրան Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը միջնորդություն ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ա.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Հակոբյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով՝ հունիսի 14-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, որոնցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշենք, որ այս գործով են անցնում նաև Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու նրանց ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG