«Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել վաղը երկրում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը», - այսօր հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաստիացնելով, որ արվել է առավելագույնը հյուրերի անվտանգությունն ապահովելու և մրցաշարը գերազանց անցկացնելու համար:
«Մեր նպատակն է, որ բոլոր հյուրերը՝ ֆուտբոլային աստղերից մինչև շարքային երկրպագուներ, զգան, թե որքան գրկաբաց ու բարյացակամ է ռուս ժողովուրդը՝ իր յուրօրինակ ու բազմազգ մշակույթով: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեծ կարևորություն ունի մեր երկրի համար, և վաղը մեր երազանքը իրականություն կդառնա», - նշել է Պուտինը:
Մրցաշարը կազմակերպելու համար, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանը շուրջ կես միլիարդ դոլար է ծախսել: Վաղվա հանդիսավոր բացմանը մասնակցելու հրավերը, սակայն, արևմտյան առաջնորդներից որևէ մեկը դեռ չի ընդունել:
Ավելի վաղ Ուկրաինայի և Արևմուտքի մի խումբ ազդեցիկ գործիչներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կոչ էին արել բոյկոտել խաղերը՝ հիշեցնելով Ղրիմի բռնակցումը, Դոնբասում շարունակվող պատերազմը, մալայզիական ինքնաթիռի կործանումն ու Մեծ Բրիտանիայիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը:
Ակնկալվում է, որ նույն այս փաստարկներով վաղը նաև բոյկոտի կոչ կհնչեցնի Եվրամիության խորհրդարանը, որը պատրաստվում է բանաձև ընդունել Ռուսաստանում մարդու իրավուքնների պաշտպանության վերաբերյալ:
Արդեն հայտնի է, որ առաջնությանը մասնակցող չորս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Լեհաստանի ու Իսլանդիայի ղեկավարները մրցաշարին ներկա չեն լինելու: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ գուցե ինչ-որ փուլում կմեկնի Ռուսաստան: Ֆրանսիայի առաջնորդը Ռուսաստանի նախագահի հետ շաբաթներ առաջ կայացած հանդիպումից հետո ասել էր՝ կգնա, եթե Ֆրանսիայի հավաքականը մտնի կիսաեզրափակիչ:
Արդյունքում վաղը, ըստ Կրեմլի խոսնակի, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կլինեն շուրջ քսան երկրների ղեկավարներ՝ հիմնականում նախկին Խորհրդային Միության տարածքից ու Լատինական Ամերիկայից:
«Մենք հյուրերի ու երկրպագուների պակաս չունենք», - ասում են ռուս պաշտոնյաները՝ պնդեով, թե այս օրերին հարյուր հարազավոր երկրագուներ են ժամանել ողջ աշխարհից:
Մինչ իրավապահները հավաստիացնում են, թե պատրաստ են երաշխավորել բոլորի անվտանգությունը՝ ռուս ֆուտբոլասերների մասին գրքի հեղինակ, լրագրող Մարկ Բենեթսը խորհուրդ է տալիս զրույցներում Պուտինի քաղաքականությանն առանձնապես չանդրադառնալ․ - «Որոշ դեպքերում հնարավոր է բախումներ լինեն, ասենք՝բարերում, քաղաքականությունը միշտ էլ հետաքրքիր թեմա է քննարկման համար, բայց լավ կլինի ռուսական վոդկայի շուրջ թեժացած կրքերի ներքո չմասնակցել Պուտինի սխալների, մարդու իրավունքների կամ Ուկարինայի ու Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մասին քննարկումներին: Իհարկե, եթե ուզում եք, կարող եք այդ մասին խոսել, սակայն իմացեք, որ հնարավոր է արդյուքում անախորժ պատմության մեջ ընկնեք»:
Թեժ քննարկումների հերոս է դարձել աշխարհահռչակ երգիչ Ռոբի Ուիլյամսը, ով վաղը ելույթ է ունենալու առաջնության հանդիսավոր բացմանը: Ելույթից ժամեր առաջ բրիտանացի փոփ աստղը «Ռոյթերզին» ասել է, թե իր հայտնի Party Like A Russian (Տոնախմբություն ռուսական ձևով) հիթը չի կատարելու:
«Ես կուզեի, բայց, ցավոք, ինձ խնդրել են այդ երգը չներառել», - ասել է Ուիլյամսը, ապա ինքն իրեն սրբագրել․ - «Խնդրելը կապ չուներ, ուղղակի որոշել եմ ներկայացնել իմ ամենա-ամենահայտնի երգերը»:
Ոչ պակաս հայտնի՝ երկու տարի առաջ թողարկված այդ հիթում Ուիլյամսը երգում է․ «Պետք է կոնկրետ մեկը լինես, կոնկրետ վարկանիշով, որ կարողանաս մի ամբողջ ազգի գրպանները դատարկել»: