Մեծ Քեթի համայնքի բնակիչները երեկվա կարկուտից հետո չէին կարողացել ցանքատարածություններ հասնել ու տեսնել, թե ինչ վնասներ են կրել: Այսօր առավոտյան էին եղել ու նոր էին վերադառնում՝ ասելով, թե կարկուտը իրենցից շուտ է քաղ արել:
63-ամյա Սամվել Գևորգյանն ասում է անցած տարի երաշտի պատճառով տուժեցին, այս տարի էլ կարկուտի․ - «Ո՛չ քաղելու ա, ո՛չ էլ կծլի: Լրիվ կոխել ա գետնի տակը էդ կարկուտը: Չորս հեկտար հող ունեի էնտեղ, չորսից էլ ոչ մի սպասելիք չունեմ»:
Տարածքում հակակարկտային կայան կա, սակայն գյուղացներն ասում են, որ այն չի գործել․ - «Ասին ինչ-որ գազ չի եղել լիցքավորած, ինչ չի եղել»:
Հիմա հաշվարկ են անում, փորձում են հասկանալ, թե որքան գումար են ներդրել հողի մեջ ու ինչ են դաշտից տուն բերելու․ - «Ծախսը որ հանի, շատ լավ ա: Զրոյի որ կայնենք, մինուս կգնանք, լավ ա»:
Կարկտահարությունից հետո գյուղացիները Կառավարությանը սովորաբար պահանջների մի մեծ ցանկ էին ներկայացնում՝ հարկերի ու վարկերի զիջում, կատարած ծախսերի փոխհատուցում: Հիմա ասում են՝ թող նոր Կառավարությունը ինքը որոշի ինչով կարող է օգնել տուժած գյուղացուն․ - «Մեռնեմ նոր կառավարությանը: Ազնիվ ժողովուրդ են, ազնիվ մարդիկ են, հնարավորություն ունեցան՝ մի բան կօգնեն»:
Վարկով հող մշակած գյուղացին լսել էր վարչապետի ուղիղ եթերը, որտեղ Փաշինյանն ասել էր, որ ժամկետանց վարկերի տույժ, տուգանքները զրոյացվելու են․ - «Էդ շուտվա վարկերի մասին ա խոսքը, բայց մենք անցնող տարի ենք վերցրել․․․ Դա չի վերաբերվում մեզ»:
Կարկուտից տուժած համայնքներում հիմա ուսումնասիրում են, թե ինչ վնասներ են եղել: Կազմված արձանագրությունը կներկայացվի Կառավարություն: