Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ պարոն Տակեհիկո Նակաոն հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Նա նաև հանդիպումներ է ունեցել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ: Իր՝ երկօրյա այցի շրջանակներում, որն, ի դեպ, նրա առաջին այցն է Հայաստան, պարոն Նակաոն վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու ուղղությամբ:
«ԱԶԲ-Հայաստան գործընկերության 2019-2023թթ.-ի ռազմավարությունը համահունչ կլինի Հայաստանի նպատակներին՝ տարածաշրջանում կապերի ընդլայնման, հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացման և մրցունակ տնտեսության մեջ մասնավոր ներդրումների մասնաբաժնի մեծացման ուղղությամբ: ԱԶԲ-ի կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորումն արդեն կազմում է նոր վարկերի մոտ հիսուն տոկոսը, ինչը վկայում է այն մասին, որ գործընկերությունն արագ զարգանում է՝ միջին եկամուտ ունեցող երկրի կարիքներին անդրադառնալու նպատակով», - ասված է ԱԶԲ-ի տարածած հաղորդագրությունում:
ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանի մրցունակությանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի իրականացման արագացման միջոցով, ինչպես նաև կընդլայնի աջակցությունը կրթական և առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը՝ ոլորտային զարգացման ծրագրի միջոցով: ԱԶԲ-ն նաև կավելացնի մասնավոր հատվածին ցուցաբերվող օժանդակությունը` աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին, հատկապես` արտահանմանն ուղղված ընկերություններին:
Նակաոն այցելել է նաև Երևանի՝ Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 դպրոց, որը կվերակառուցվի 2019թ.-ին Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում: 88.5 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի՝ արդյունքների վրա հիմնված վարկի միջոցներից, այսինքն՝ ֆինանսական միջոցները տրամադրվում են վերահսկելի և ապացուցված արդյունքների հիման վրա: Ծրագրի ներքո աջակցություն ստացող 46 դպրոցից՝ վեց դպրոցում շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, ևս 12-ում աշխատանքները կսկսվեն 2019 թվականին: Օգտագործվում են նորարարական նախագծեր՝ արդյունավետությունը բարձրացնելու, ընթացիկ ծախսերը կրճատելու և ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու նպատակով:
2005 թ.-ին ԱԶԲ-ին միանալուց հետո Հայաստանը ստացել է ավելի քան 1,5 մլրդ դոլար վարկերի, դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով, որից՝ 1.1 մլրդ դոլար հանրային հատվածի համար և 400 մլն դոլար՝ ոչ սուվերեն վարկեր:
Մանիլայում տեղակայված ԱԶԲ-ի գործունեության նպատակը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումն է՝ ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2017 թվականին ԱԶԲ-ի գործառնությունների ծավալը կազմել է 32.2 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 11.9 մլրդ դոլար համաֆինանսավորման տեսքով: