Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դադարեցնում է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը


Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի Սինգապուրում կայացած բանակցություններից հաշված ժամեր անց Վաշինգտոնը հայտարարեց Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների չեղարկման մասին:

Հայտարարությունը Սինգապուրում գտնվող ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արել է անձամբ Դոնալդ Թրամփը:

Իսկ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ Տան ղեկավարը հստակեցրել է իր որոշման դրդապատճառները․ - «Ինձ ուրախացնող իրողություններից մեկն այն է, որ մենք այլևս զորավարժություններ չենք անցկացնի: Դուք գիտե՞ք ինչ թանկ հաճույք է դա, երբ, ասենք, ծանր ռմբակոծիչները Գուամից Կորեական թերակղզի են թռչում: Այդ թռիչքի տևողությունը շուրջ վեց ու կես ժամ է: Երբեմն այդ ճանապարհը կտրում են 20-ից ավելի ռմբակոծիչներ և այլ տիպի ռազմական ինքնաթիռներ: Այնպես որ, մենք զորավարժությունների անցկացումից հրաժարվում են քանի դեռ բարի կամք դրսևորելով բանակցում ենք (Հյուսիսային Կորեայի) հետ»:

Դոնալդ Թրափմի այս հայտարարությունները ակնհայտ անակնկալ էին Հարավային Կորեայի իշխանությունների համար: Պաշտոնական Սեուլի ներկայացուցիչների առաջին արձագանքը ավելի քան զուսպ էր:

«Հարկավոր է պարզել Դոնալդ Թրամփի այս հայտարարության ճշգրիտ նպատակը կամ իմաստը: Դրա հետ մեկտեղ, Սեուլը պատրաստ է նպաստել Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունների ավելի սահուն ընթացքին», - նշված է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի կողմից այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ:

Ուշագրավ է, որ Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զորախմբի հրամանատարությունը ևս այսօր հայտարարել է, որ զորավարժությունների առժամանակ դադարեցման մասին որևէ հրաման դեռ չի ստացել:

Հյուսիսային Կորեայում, ինչպես և կարելի էր ակնկալել, զորավարժությունների անցկացումից հրաժարվելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը ընկալել են որպես Փհենյանի աննախադեպ դիվանագիտական հաղթանակ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը ընթերցվեց այսօր Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսության եթերում: Հաղորդագրության հեղինակների համոզմամբ, Թրամփի քայլը վկայում է, որ շուտով ամերիկացիները կարող են վերացնել նաև Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները:

«Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն է հայտնել դադարեցնել Հարավային Կորեա - ԱՄՆ համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ զորավարժությունները Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը մշատեպես որպես սադրանք է որակել», - նշված է հյուսիսկորեական հեռուստատեսության եթերում ընթերցված հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանի առավել ակտիվ դերակատարներից ևս մեկը` Ճապոնիան, հակառակը, բավական զգուշավոր վերաբերմունք է արտահայտում համատեղ ամերիկա-կորեական զորավարժությունների հնարավոր չեղարկմանը: Ճապոնիայի իշխանությունները այսօր հարկ համարեցին հիշեցնել, որ այդ զորավարժությունները տասնամյակներ շարունակ Փհենյանի ռազմական նկրտումները զսպող գլխավոր գործոններից էին:

«Բանակցությունների մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն մենք շարունակում ենք վստահաբար հայտարարել, որ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կենսական նշանակություն ունեն հյուսիս-արևելյան Ասիայի անվտանգության ապահովման տեսանկյունից», - Տոկիոյում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի Պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:

Չնայած դաշնակիցների շրջանում հնչող այս մտավախություններին` Դոնալդ Թրամփը վստահ է, որ Փհենյանի և Վաշինգտոնի հարաբերություններում նոր էջ է բացվում: ԱՄՆ նախագահը նույնիսկ չի բացառում, որ մի օր ինքը կարող է Կիմ Չեն Ընին հյուրընկալել Սպիտակ տանը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ պահին նա հաստատ կայցելի Սպիտակ տուն: Այժմ ամենակարևոր խնդիրը Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի վերացման գործընթացը սկսելն է: Ես վստահ եմ, որ Կիմ Չեն Ընը հայրենիք վերադառնալուն պես միանգամից ձեռնամուխ կլինի այդ գործին: Նա արդեն իսկ դա ասել է, և տեսեք, թե արդեն ինչ է արել այդ ուղղությամբ», - հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG