Մատչելիության հղումներ

Հանրահայտ դարձած Պենկա կովին կվերադարձնեն տիրոջը


Բուլղարիայի Սննդամթերքի որակի վերահսկողության հարցերով գործակալության ներկայացուցիչները հայտնում են, որ մեծ հռչակ ձեռք բերած Պենկա անունով կովին կվերադարձնեն տիրոջը: Մայիսի կեսերին Պենկան անջատվել էր նախրից, շեղվել ճանապարհից ու հատել Եվրամիությանը չանդամակցող Սերբիայի հետ սահմանը: Սերբ ֆերմերները մոլորյալին վերադարձրել են հայրենիք, նրան հետազոտել են և որևէ հիվանդություն չեն գտել, սակայն գործող կարգի համաձայն՝ Եվրամիություն ներկրված կենդանին, որը չունի հատուկ վկայական, պետք է ուղարկվի սպանդանոց:

Բուլղարական իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, թե «ի զորու չեն Պենկային փրկել ԵՄ-ի օրենքներից», որոնց համաձայն՝ կովերը կարող են հատել սահմանը միայն պաշտոնական հսկիչ անցակետերով՝ առողջությունը փաստող փաստաթղթերով հանդերձ:

Պենկայի պատմությունը հայտնվել է միջազգային լրատվամիջոցներում: Կովին պաշտպանելու հարցով հատուկ ստորագրահավաք է սկսվել, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Կենդանու պաշտպանության ակցիային միացել է բրիտանացի երաժիշտ Փոլ ՄըքՔարթնին, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավոր Ջոն Ֆլեկը, ով հատուկ նամակով դիմել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին և Եվրամիության նախագահ Անտոնիո Տայանիին՝ խնդրելով «ներում շնորհել» կովին:

Հղի Պենկայի հարցը գրեթե լուծվել է, առաջիկա օրերին նա կվերադարձվի տիրոջը: Կենդանիների իրավունքների պաշպանությամբ զբաղվող «Չորս թաթ» կազմակերպությունը հայտարարել է, որ Պենկայի պատմությունն իր տեսակի մեջ միակը չէ: «Հուսով եմ՝ Պենկայի գործը կօգնի լուծել եվրոպական օրենսդրության բացերը»,- հայտարարել է կենդանապաշտպանների ներկայացուցիչ Յավոր Գեչևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG