Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ըստ կոմիտեի, «քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցներ ոստիկանությունում բացատրություններ են տվել առ այն, որ ՓԲԸ-ում տեղի են ունեցել աշխատավարձերի պահումներ, չհիմնավորված վճարումներ, տնօրենի կողմից դրսևորվել է անմարդկային վերաբերմունք»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որը հունիսի 11-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում և նույն օրն ընդունվել վարույթ:
«Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: