Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավորը ողջունում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չկասեցնելու որոշումը


Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «շատ ողջամիտ» է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չկասեցնելու որոշումը։

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանը փոխանցեց, որ դեռ չեն քննարկել, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը համապատասխան օրինագծին, սակայն, նրա խոսքով, լավ է, որ ներկա կառավարությունը ընդունում է՝ իրենք ճիշտ էին համակարգը ներդրնելով․ - «Ձևավորվեց նոր Կառավարություն, և իրերի իրական վիճակը գնահատելով՝ հասկացան, որ հանրապետականները ճիշտ էին, երբ ասում էր, որ պետք է այս ֆոնդերին, կառավարիչներին վստահել, որովհետև դրանք միջազգային լուրջ հեղինակություն ունեցող կառույցներ են, որ այդ ֆոնդերի կառավարման գործընթացը որևէ մտահոգություն իր մեջ չի պարունակում, որ այդ ֆոնդերը Հայաստանի բյուջեի հազարապատիկ գումարներն են տնօրինում և՝ շատ հաջող: Որ ըստ էության այդ գումարների մեծ մասը օգտագործվում է Հանրապետության տնտեսության մեջ: Հիմա իրանք համոզվեցին: Այն ժամանակ ասում էին՝ դուք ճիշտ չեք ասում, մենք ձեզ չենք վստահում: Հիմա համոզվեցին, որ մենք չէինք ստում»:

«Ծառուկյան» դաշինքը ի սկզբանե դեմ էր կուտակայինին: Դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, թե որպես իրավաբան իր կարծիքին է մնում՝ համակարգը սեփականության իրավունքի առումով խնդրահարույց է: Այդուհանդերձ, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը, ցույց կտան քննարկումները:

«Այնուամենայնիվ, ժողովրդի վստահության առումով, չենք կարող չարձանագրել, որ էական տեղաշարժ կա նախկին և այսօրվա վիճակների միջև: Թերևս այս առումով կարելի է հասկանալ այն կարծիքը, որ որոշակի փոփոխություն կա վերաբերմունքի հարցում: Այսինքն, եթե ժողովուրդը վստահում է իր Կառավարությանը, թող ժողովուրդը իր վաստակի մի մասը զիջի: Այլ է հարցը՝ էդ Կառավարությունը քառասուն տարի գոյատևելու է, որ ժողովրդական վստահությունը նույն կերպ պահպանվի: Ես որպես իրավաբան իմ կարծիքին եմ մնում, իսկ թե ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը, ես որևէ մեկի, այդ թվում նաև մեր դաշինքի որևէ պատգամավորի կարծիքը կանխորոշելու բարոյական և իրավաբանական իրավունք չունեմ: Կգա ժամանակը, կլինեն քննարկումներ, մենք ֆրակցիայում կքննարկենք, մեր որոշումը կհրապարակենք», - «Ազատությանն» ասաց Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG