Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ

Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը։ Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ցուցակում են հայտնվել ռուսական ևս երեք ընկերություններ և երեք ռուսաստանցիներ:

Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մասին է։ Մնուչինի խոսքով՝ նրանք սպառնում էին Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների անվտանգությանը։

Ռուսաստանցի պատգամավորներն անմիջապես արձագանքել են։ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը, մասնավորապես, ասել է, թե սա Ռուսաստանին խայթելու փորձ է, քանի որ իրականում այդ պատժամիջոցներն անիմաստ են՝ ՏՏ մասնագետները կարող են գրանցել իրենց ընկերությունները ցանկացած երկրում:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է պատժամիջոցների ցանկում ընդգրկված ռուսական ընկերությունների և ռուսաստանցիների անունները։ Նրանց ակտիվները Միացյալ Նահանգներում սառեցվելու են, և ամերիկյան բոլոր ընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որևէ ձևով համագործակցել այդ ընկերությունների հետ։ Խոսքը Digital Security, Divetechnoservices ընկերությունների և «Քվանտ» գիտահետազոտական ինստիտուտի մասին է, Օլեգ Չիրիկովի, Վլադիմիր Կագանսկու և Ալեքսանդր Տրուբինի մասին։ Մնուչինն ասում է, որ այդ ընկերությունները կապված են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ։

Ցուցակում կան նաև ոչ-ռուսաստանյան ընկերություններ և այլ երկրների քաղաքացիներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Դրանց թվում են, մասնավորապես, Նիդերլանդներում, Չեխիայում և Իսրայելում գրանցված ընկերություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG