Չսպասելով Կանադայում գումարված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ավարտին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Սինգապուր, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Գագաթնաժողովն ընդունել է հռչակագիր, որն Ամերիկան չի ստորագրել:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկերներին մեղադրել է Ամերիկայի հաշվին շահութաբեր առևտուր իրականացնելու մեջ, ուստի, նրա խոսքով՝ Ամերիկան փոխում է հարկային կանոնները: Գործընկերները կոշտ պատասխանով են սպառնում:
Գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ասել է, որ բոլոր լիդերները համաձայնեցրել էին եզրափակիչ հռչակագիրը, սակայն ամերիկացիները վերջին պահին այն չեն ստորագրել: Նա ասել է, որ Կանադան կտրականապես մերժում է պողպատի և մետաղագործության այլ ապրանքների նկատմամբ ԱՄՆ սահմանած նոր մաքսային դրույքաչափերը:
Թրամփն, իր հերթին, կշտամբել է Տրյուդոյին, ասելով, որ Կանադան հսկայական սակագներ է կիրառում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի վրա: Տրյուդոն էլ ասել է, որ Ամերիկան անտեսում է կանադա-ամերիկյան պատմական սերտ կապերը, ԱՄՆ-ին անվերապահորեն սատարելու, աշխարտհամարտերում հավատարիմ դաշնակից լինելու՝ Կանադայի դիրքորոշումը, և այդ նոր դրույքաչափերը վիրավորական է համարում:
Թրամփն էլ արձագանքել է՝ Տրյուդոն գագաթնաժողովում այնքան խոնարհ էր և սիրալիր, «բայց հենց ես գնացի, ասաց, թե նոր սակագները վիրավորական են»: «Շատ անազնիվ, տկար արարք, մեր սակագները պատասխանն են Կանադայում մեր կաթնամթերքի նկատմամբ 270 տոկոս կազմող սակագնի»,- «Թվիթերում» գրել է Թրամփը:
Կանադայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կպատասխանի Եվրոպայից, Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող պողպատի և ալյումինի նկատմամբ բարձր դրույքաչափեր սահմանելու՝ Վաշինգտոնի որոշմանը: «Ես պատրաստ եմ աշխատել ԱՄՆ նախագահի հետ, բայց եթե նա շարունակի սակագնային անազնիվ արգելքներ դնել, մենք անպայման կպատասխանենք»,- ասել է Տրյուդոն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ ասել է, թե Ամերիկայի կողմից եզրափակիչ հռչակագիրը չստորագրելու հանգամանքը հիասթափեցնող է և մտահոգիչ: «Սա անակնկալ չէր, նույնն էր կլիմային վերաբերող համաձայնագրի կամ Իրանի միջուկային պայմանագրի հարցում: «Թվիթերում» տեղադրած մեկ գրառումը բավական է փոխվստահությունը խարխլելու համար: Այս վիճակում էլ ավելի կարևոր է Եվրոպայի միասնական դիրքորոշումը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, ակնարկելով «Թվիթերով» որոշումների մասին տեղեկացնելու՝ Թրամփի սովորությունը:
Փարիզը պաշտնապես հայտնել է, որ հավատարիմ է «Մեծ յոթնյակի» եզրափակիչ հռչակագրին: «Նա, ով խուսափում է հռչակագիրը ստորագրել, անհետևողականություն և անհամաձայնություն է ցուցաբերում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը:
Քվեբեկում «Մեծ յոթնյակի» քննարկումների ընթացքում արծարծվել է նաև Ռուսաստանի թեման: «Ձեր դուրը կգա, թե ոչ, գուցե ասածս քաղաքական պարկեշտություն չէ, բայց մենք պետք է ղեկավարենք այս աշխարհը, ժամանակին կար «Մեծ ութնյակ», սակայն դրանից դուրս վռնդեցին ռուսներին: Պետք է այնպես անել, որ Ռուսաստանը վերադառնա, մեզ Ռուսաստանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Թրամփը:
Նրա այդ մեկնաբանությանն արձագանքել է Ռուսաստանի ղեկավարը: «Ինչ վերաբերվում է Ռուսաստանի վերադարձին «Մեծ ութնյակ», դա մենք չէինք, որ որոշեցինք հեռանալ, գործընկերները որոշեցին ինչ-ինչ հանգամանքների բերումով չգալ Ռուսաստան: Համեցեք, մենք միշտ պատրաստ ենք ձեզ տեսնել Մոսկվայում»,- ասել է Պուտինը:
Կանադայի վարչապետն այս հարցը շատ ավելի կոշտ է մեկնաբանել: «Ես պարզ ասում եմ՝ այս պահին նույնիսկ հեռանկարում Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերդարձնելու հարցը մեզ չի հետաքրքրում», - ասել է Ջասթին Տրյուդոն: