Մատչելիության հղումներ

«Թեղուտի» նախկին աշխատողները աշխատանք, կամ սոցապահովություն են պահանջում


«Թեղուտի» նախկին աշխատողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում, 11-ը հունիսի, 2018 թ․

«Թեղուտ» ընկերության մի խումբ նախկին աշխատողներ այսօր առավոտյան ժամը վեցից մի քանի ժամ շարունակ փակ պահեցին դեպի ընկերություն տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ ընկերության ներկայացուցիչները շուտափույթ լուծում տան իրենց խնդրին՝ ապահովեն աշխատանքով, կամ ժամանակավորապես սոցիալական օգնություն տրամադրեն:

«Ներկա պահին 400-ից ավել աշխատող կա, եթե սնանկ ա ինքը, էդ 400 մարդն ինչպե՞ս են աշխատում: Եվ եթե աշխատում են, թող առաջին հերթին աշխատեն թեղուտցիները, որովհետև թեղուտցին տվել ա իրա հողը, չի կարող անասուն պահել, արոտավայր չկա, ապրելու ոչ մի միջոց չունի», «մեր պահանջն էն ա, որ հիմնարկն աշխատի, մենք էլ աշխատենք, իսկ եթե չէ, էսօր աշխատող բանվորի տեղը թող աշխատի մեր համայնքի ժողովուրդը», - ասում էին բողոքող թեղուտցիները:

Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունը դեռ հունվարին էր հայտարարել, որ ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց: Ընկերության 1200 աշխատակիցների մեծամասնությունն անորոշ ժամանակով ազատվել է աշխատանքից: Գործազուրկ դարձած գյուղացիները դժգոհում են՝ ընկերությունն իրենց հողերը գնելու դիմաց խոստացել էր 50 տարի աշխատանքով ապահովել, մինչդեռ ընդամենը 12 տարի աշխատելուց հետո կանգնել են գործազրկության փաստի առաջ: Շատերն արդեն զղջում են, որ ժամանակին հողերը չնչին գումարով վաճառել են ընկերությանը․ «Տվել ենք էն հույսով, որ աշխատենք, բայց փաստացի չենք աշխատում, ինչի՞ հիման վրա»:

Խոշորացված Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով վաղ առավոտից համագյուղացիների հետ էր, հորդորում էր բացել ճանապարհը՝ պնդելով, որ ընկերությունը քննարկում է նրանց խնդիրը: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները, սակայն, ճանապարհը բացեցին միայն այն ժամանակ, երբ ընկերության ներկայացուցիչները համայնքի ղեկավարի միջոցով փոխանցեցին, որ մի քանի օրից կհանդիպեն ու լուծումներ կառաջարկեն գյուղացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG