Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն իրեն քաղաքականության մեջ է տեսնում


Սեյրան Օհանյան, Երևան, 10-ը հունիսի, 2018 թ․
Սեյրան Օհանյան, Երևան, 10-ը հունիսի, 2018 թ․

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտադիր է մնալ քաղաքականության մեջ, գործելով կամ խորհրդարանում, կամ դրանից դուրս: Նախօրեին, պատասխանելով «Ազատության» հարցին, Օհանյանն, այդուհանդերձ, չհստակեցրեց՝ մասնակցելու՞ է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Այժմ ես որոշել եմ, որպես ՀՀ քաղաքացի, այս նոր քաղաքական գործընթացներում լինել օրինակելի քաղաքացի: Հետևենք ողջ ընթացքին: Տա Աստված, որ ամեն ինչ խաղաղ կանցնի, և կա՛մ խորհրդարանում, կա՛մ խորհրդարանից դուրս մեր քաղաքական գործիչների շարքում կլինենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ավելի քան ութ տարի պաշտպանության նախարարությունը ղեկավարած Օհանյանը նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի կազմում, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին: Դաշինքը, սակայն, չանցավ խորհրդարան:

Արդյո՞ք նախորդ տարվա անհաջողությունից հետո համագործակցության այս ձևաչափը կպահպանվի, հետաքրքրվեցինք Սեյրան Օհանյանից: «Մենք շատ լավ ընկերներ ենք, շատ լավ բարեկամներ ենք, ոչ միայն հիմա, նաև այն քաղաքական գործընթացների ժամանակ: Պարբերաբար հանդիպում ենք, բայց այսօր ընդհանուր քննարկումներ չունենք»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:

Օհանյանը երեկ մասնակցում էր «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը: Ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ մասնակցելու է սպասվող արտահերթ ընտրություններին, բայց և նշեց՝ դեռ պարզ չէ` արդյո՞ք կպահպանվի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ձևաչափը:

«Ես կարծում եմ, թե նոր Հայաստանում պիտի լինի նոր պլատֆորմ, որը չի բացառում նաև նախկին գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում եմ՝ օրակարգը բաց է, երբ արդեն իրապես մոտենանք ընտրություններին, այսինքն՝ հեղափոխության ավարտական հանգրվանին, ավելի կոնկրետ պատասխան կտամ: Ներկա դրությամբ այդ հարցը չենք քննարկել: Իմ անձնական տեսակետը հետևյալն է՝ որպեսզի հեղափոխությունն ի կատար ածվի արտահերթ ընտրություններով, պետք է հեղափոխության զորակիցները, քաղաքացիները, միասնական պլատֆորմով գնան։ Եթե դա չեղավ, իհարկե՝ այլընտրնքներ կլինեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նաև Ղարաբաղում նախորդ շաբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերին, ինչի արդյունքում, հիշեցնենք, հրաժարական ներկայացրին պետնախարարը, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները: Օհանյանը հույս հայտնեց, որ այնտեղ ստեղծված վիճակը խաղաղ ճանապարհով կհարթվի, իշխանություններն էլ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ելք կգտնեն իրավիճակից:

«Ես համարում եմ, որ այն, ինչ եղավ Հայաստանում, Հայաստանում էլ չպետք է լիներ, որովհտև չպետք է թողնեինք, որ այդպիսի իրավիճակ ստեղծվեր: Նույնն էլ Արցախում: Բայց կարծում եմ՝ Արցախի իշխանություններն այս իրավիճակից դուրս կգան»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG