Մատչելիության հղումներ

«Էական տարբերություն կա նախորդ բոլոր կառավարությունների և այս կառավարության միջև». Սաքունց


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իրատեսական է համարում նոր կառավարության ծրագիրը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ իրավապաշտպանը նշեց՝ թեև այն պետք է դիտարկել, որպես կարճաժամկետ ծրագիր, բայց դրա կոնկրետ գործողություններն ունեն շատ հեռահար նպատակներ։

«Էական տարբերություն կա նախորդ բոլոր կառավարությունների և այս կառավարության միջև, այս կառավարությունն ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, որը չունեին նախորդ կառավարությունները, սա մեկ, երկրորդը՝ նախորդ կառավարությունները և նրանց անդամները, նրանց հետ կապակցված անձինք անմիջականորեն էին ներգրավված կոռուպցիայի մեջ, որի վերաբերյալ բազմաթիվ նյութեր, հրապարակումներ, փաստեր ներկայացվել են շարունակաբար, և մենք տեսնում էինք, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին նախորդ կառավարության ծրագրերում, կամ նախորդ կառավարության ներկայացուցիչները խոսում էին իրենց կողմից ամենաբարձր մակարդակով կոռուպցիոն գործարքների շարունակականության հետ միաժամանակ։ Այսինքն՝ տարբերությունը հենց դրանում է, որ այս կառավարությունն ինքն իր նախորդ փորձով, ես նկատի ունեմ անձինք, որոնք ներգրավված են, չեն առնչվել, չեն հիշատակվել, մասնակիցը չեն եղել որևէ կոռուպցիոն գործարքների, կամ կոռուպցիոն դրսևորումների, ես նկատի ունեմ կառավարության անդամներին», -ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը ծրագրի մեջ առավել կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մոդելը։

«Իհարկե կան որոշակի մտահոգություններ, թե արդյոք իրապես, օրինակի համար, նույն Ոստիկանության, կամ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները, չնայած պարոն Փաշինյանը նշեց, որ Օսիպյանը ներգրավված չի եղել որևէ կոռուպցիայի մեջ և կլանային ինչ-որ բաների մեջ, բայց նման գնահատում մենք չտեսանք Ազգային անվտանգության ծառայության պետի հետ կապված, բայց մենք տեսնում ենք, որ ծառայության պետի կողմից այս շատ կարճ ժամկետում բավական արդյունավետ գործողություններ են իրականացվում կոռուպցիոն որոշակի հանցագործություններ բացահայտելու, շղթաներ բացահայտելու տեսակետից», - ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Ծրագրի մեջ, կարծում եմ առավել կարևոր է՝ առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ այդ մոդլը, որն իմ համոզմամբ՝ ելնելով Ռումինիայի և Ուկրաինայի փորձից, կարող եմ ասել արդյունավետ է, բայց չպետք է ծրագիրը դիտարկել միայն մեկ գործոնով, որովհետև ծրագրի մնացած բոլոր գործոնները՝ պարամետրերը հենց հանգեցնում են այն համոզմանը, որ կա քաղաքական կամք ի վերջո, որովհետև ակնհայտ խոսվում է ստվերային տնտեսության նվազեցման, ակնհայտ խոսվում է հարկային քաղաքականության՝ դաշտ բերելու մղումների մասին, ակնհայտ խոսվում է մենաշնորհների հետևողական վերացման ուղղությամբ մշտադիտարկում իրականացնելու, համապատասխան իրավական փոփոխություններ կատարելու, այսինքն՝ ազատ մրցակցության դաշտի ապահովման մասին, կրթության հետ կապված հարցերն են շատ։ Ինձ շատ ավելի դուր եկավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված շատ կարևորվեց հանրային իրազեկվածությունը, դա նշանակում է հանրությանը ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, և կառուպցիայի դեմ հանրության անհանդուրժողության մշակույթի ձևավորման կոմպոնենտը։ Կարծում եմ, որ մենք այս ծրագիրը պետք է դիտարկենք կարճաժամկետ, բայց այդ իրատեսական է հենց նրանով, որ ինքը շատ հստակ ժամկետի համար է»։

Սաքունցը նաև նշեց, թեև ծրագրում, օրինակ, չկար գլխավոր դատախազության հետ կապված հարց, բայց կարևորվում էր դատարանների անկախության ապահովման խնդիրը։

«Ծրագրում չկար Հատուկ քննչական ծառայության, կամ քննչական կոմիտեի հետ կապված անելիքները։ Այսինքն՝ դրվում էին այնպիսի խնդիրներ, որոնք կառավարության ծրագրի մշակման ժամանակ կարող էին դրվել, որովհետև գիտենք, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի կողմից է ընտրվում և հետևաբար Ազգային ժողովը կարող է նրան անվստահություն հայտնել, կամ աշխատանքի հետ կապված հարցերը լուծել։ Ուզում եմ ասել, ինքը՝ ծրագիրը ես համարում եմ իրատեսական, այն կարճ ժամանակահատվածի համար, որ կա, բայց իր կոնկրետ գործողությունենրն ունեն շատ հեռահար նպատականեր, այսինքն՝ դեպի ավելի երկար ժամանակի համար գործողություներ համար բավարար և անհրաժեշտ հիմքեր ստեղծող»,- ասաց իրավապաշտպանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG