Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների առաջնորդները ժամանել են Սինգապուր, ուր առաջիկա երեքշաբթի նախատեսված է նրանց երկար սպասված հանդիպումը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ: Սա պատմության ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին հանդիպումն է ԱՄՆ գործող նախագահի հետ, որն անցնելու է Սենտոզա կղզում։
Տեղում, ըստ լրատվամիջոցների, նախապատրաստական վերջին աշխատանքներն են, և չի բացառվում, որ երկու առաջնորդները դեմ առ դեմ հանդիպում ունենան մինչ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
Սինգապուր մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա բանակցությունները որակել է «խաղաղություն հաստատելու առանձնահատուկ փորձ» և վստահություն հայտնել, թե դրանց մեկնարկին հենց կզգա` արդյոք հյուսիսկորեացի գործընկերը իրապես ուզում է համաձայնության հասնել:
«Եթե ոչ` ես բանակցությունների վրա ժամանակ չեմ վատնի»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը: